Վերլուծական

Ռուս-իրանական տնտեսական համագործակցության մասին խոսելը վաղ է. փորձագետ

karenghazaryan
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում այսօր անցկացրել է քննարկում «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» թեմայով: Ռուսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ` Իրանի բնական գազի սեկտորում պոտենցիալ ներդրումներ  կատարելու վերաբերյալ: Իրանագետ Սեւակ Սարուխանյանը, սակայն, այս համագործակցության հեռանկարների առումով այնքան էլ լավատեսություն չունի:

 

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համատեղ էներգետիկ ծրագրերի սկսման մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այստեղ կան ավելի շատ բարդություններ, քան հեշտ հնարավորություններ՝ կարծիք հայտնեց իրանագետ Սեւակ Սարուխանյանը:

«Դժվարություններն առաջին հերթին կախված են Ռուսաստանի տնտեսական իրավիճակից: Երկրորդ խնդիրը, դա Իրանի օրենսդրությունն է, որը լրջորեն սահմանափակում է օտարեկրյա ֆինանսական ներդրումները նավթային եւ գազային ոլորտներում, որոնք Իրանում հանրային սեփականություն են համարվում: Հենց այս տեսակետից էլ՝ ասել, թե ռուսական կապիտալը կմտնի Իրան եւ կիրացնի համատեղ խոշոր ծրագրեր, ռուսական էքսպանսիա կսկսվի իրանական էներգետիկ ոլորտում՝ ճիշտ չէ: Դա տեղի չի ունենա: Դրան գումարած՝ մի կարեւոր հանգամանք եւս գոյություն ունի: Իրանն իր էներգետիկ ոլորտի նավթային եւ գազային գործոններն օգտագործում է ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում եւ առավել շահագրգռված է նրանով, որ եվրոպական ընկերություններ գան Իրան, քան ռուսական, քանի որ դա կամրապնդի Իրանի դիրքերը եվրոպայում, կարագացնի իր նկատմամբ կիրառվող սանկցիաները հանելու գործընթացը եւ Իրանի էներգետիկ ոլորտ կբերի նոր բարձր տեխնոլոգիաներ: Բայց միաժամանակ, դա չի խանգարի, որ ինչ-որ համագործակցության համակարգում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ լինի: Ինչպես դա կառնչվի Հյուսիսային Կովկասին, ես դժվարանում եմ կանխատեսել, քանի որ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ չկան համատեղ էներգետիկ նախագծեր»:

Ի դեպ, ակնկալվում է, որ ռուս-իրանական գործարքը կարող է կայանալ այն դեպքում, եթե Իրանի դեմ պատժամիջոցները կասեցվեն: Հնարավոր համաձայնությունը փոխանակում է ենթադրում. Ռուսաստանը գազ կմատակարարի Իրանի հյուսիս՝ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքներով անցնող խողովակաշարերի միջոցով՝ փոխարենը մասնաբաժին ստանալով Պարսից ծոցից արտահանվող հեղուկացված բնական գազի գործարանում: Փորձագետ Սեւակ Սարուխանյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստան-Ռուսաստան գոյություն ունեցող գազատարը հազիվ-հազ բավարարի Հայաստանի կարիքները: Այն շատ հին է եւ առավելագույն  թողունակությունը, լավագույն դեպքում, 3 մլրդ խորանարդ մետր բնական գազ է: Ուրիշ ոչինչ չկա:

«Եթե լինեն նոր ինչ-որ ծրագրեր, ապա այդ ծրագրերով պետք է անցկացնել նոր ենթակառուցվածք, իսկ նոր ենթակառուցվածքը պահանջում է ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ եւ տասնամյակներ»:

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվող հնարավոր նոր էներգետիկ առանցքը բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում Հարավային Կովկասի երկրների համար՝ միաժամանակ ազդելով տարածաշրջանում քաղաքական հարաբերությունների վրա: Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ ներկայումս աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Ռուսաստանն ու Իրանը Մերձավոր Արևելքում ունենալով խնդիրների ու շահերի բացարձակ համընկնում,  փաստացի  գտնվում են  «իրավիճակային ռազմաքաղաքական դաշինքի մեջ»։

«Ակնհայտ է, որ Մոսկվան և Թեհրանն  ունեն ավելի  քան  նույնական  խնդիրների   ու հետաքրորթյունների դաշտ։  Ավելին՝ կարելի է ասել, որ ձևրավորվել է իրավիճակային ռազմքաղաքական դաշինք` ի դեմս Իրանի, Իրաքի, Ասադի վարչախմբի  ու Մոսկվայի, ինչի ցուցադրությանը, նույնիսկ` հրավառությանը, մենք ականատես եղանք,  երբ իրականացվում էին Կասպյան ավանզանից հայտնի հրթիռակոծությունները, որոնք անցնում էին  Իրանի ու Իրաքի օդային տարածքներով»:

Աշխարհաքաղաքական ոլորտում Թեհրանի ու Մոսկվայի այս մերձեցմանը, ըստ քաղաքագետի, նպաստել է 2 իրադարձություն` Ռուսասատանի վճռական դերը իրանական միջուկային ծրագրի թնջուկի հանգուցալուծման և Սիրիայում՝ Ռուսաստանի գործողությունների հարցերում: Սերգեյ Մինասյանը, սակայն,  նույնպես շեշտեց, որ ռուս-իրանական տնտեսական համագործակցության, հատկապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցության ավելացման մասին խոսելը վաղ է:

Կարդացեք նաև

Back to top button