

Երեւանում այսօր տեղի է ունեցել «ՆԱՏՕ — Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս: Միջոցառման կազմակերպիչներն են Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ: Համաժողովի նպատակն է՝ ցույց տալ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հանգեցնում է պաշտպանական հարցերի ավելի մեծ թափանցիկության եւ նպաստում է տարածաշրջանային ու քաղաքացիական երկխոսությանը: Կազմակերպիչները համոզված են, որ դա կնպաստի Հայաստանի հետագա ժողովրդավարացմանն ու անվտանգությանը:
Արդեն 2 տասնամյակ Հայաստանը ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ներառելով բազմազան շրջանակ:
Համագործակցության անցած ճանապարհի եւ արդյունքների մասին խոսեցին նաեւ մեր երկրի արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանն ու Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոպյանը: Վերջինս նաեւ նկատեց, որ մի շարք տարածաշրջանային ծրագրեր անհաջողության են մատնվել:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քեսլերի խոսքով՝ անվտանգության առումով աշխարհում ընթացող ներկայիս փոփոխությունները թույլ են տալիս ասելու, որ համաժողովը ճիշտ ժամանակին է կազմակերպված:
Պետք է տեսնել, թե որտեղ է համագործակցությունը գտնվում եւ ինչ հնարավորություններ կան ՆԱՏՕ-Հայաստան հետագա համագործակցության համար՝ շեշտեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆեն Էլգերսմանի խոսքով՝ իրենց համար ակնհայտ է, որ որեւէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եզրեր ունենալու առումով: Նման այլ երկրներ նույնպես կան:
«Մենք Հայաստանի հետ ունենք բավականին լավ համագործակցություն եւ ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ թե Աֆղանստանում, թե Կոսովոյում: Մենք ծավալում ենք նաեւ բավականին հաջող երկխոսություն անվտանգության ոլորտում Հայաստանի հետ»:
Շտեֆեն Էլգերսմանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն որեւէ կարմիր գիծ չի սահմանում Հայաստանի հետ համագործակցության առումով:
Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի նկրտումներին վերաբերող հարցին՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, թե տրամաբանական է համարում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում: Այն ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենամոտն է գտնվում Հարավային Կովկասին եւ մենք հուսով ենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կբարելավվեն՝ նշեց Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:




