
լրացված 17.53-ին
ՌԴ «Առաջին ալիք»-ին Շարմ էլ-Շեյխի օդանավակայանից տեղեկացրել են, որ Airbus 321 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ռուսներ են եղել: Հաղորդվում է նաեւ, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում:
լրացված 17.44-ին

NTV-ի փոխանցմամբ, Եգիպտոսում կործանված Airbus-321 օդանավի որոշ ուղևորներ հասցրել են ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ հրապարակել ու գրառումներ անել սոցցանցերում: Ուղևորուհիներից մեկը, ամենայն հավանականությամբ, հրապարակել է ամուսինու եւ փոքրիկ երեխայի լուսանկարը: «Ողջույն, Պիտեր, մնաս բարով, Եգիպտոս: Թռչում ենք տուն», -նման գրառում է արել օգտատերը:
լրացված 17.26-ին
Եգիպտոսում կործանված А-321 ռուսական օդանավի ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչներին: «Սինայում ռուսական ինքնաթիռի ավիավթարում ողջ մնացած մարդիկ չկան», — ասվում է ստացված հաղորդագրության մեջ:
լրացված 16.13-ին
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
լրացված 16.03-ին
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի, հայտնում է Reuters գործակալությունը։ «Բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես ինքնաթիռի սրահում հենց զբաղեցրած տեղերում»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:
լրացված 13.08-ին
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռում եղել է 17 երեխա: Հայտնում է Ria novosti-ն` հղում անելով ռուսական ավիացիայից:
լրացված 12.48-ին
Եգիպտոսը բացառում է, որ ինքնաթիռը կարող էր հրթիռակոծության ենթարկված լինել Սինայի զինյալների կողմից. այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն հղում անելով ուժային կառույցներում իր քաջատեղյակ աղբյուրների վրա: Ըստ նախնական տվյալների, եգիպտական ռադարներից ինքնաթիռը անհետացել է Ալ-Նահալ լեռնաշղթայի մոտ, որտեղ ապաստան են գտել երկրի իշխանություններին դեմ ծայրահեղականները: Մինչդեռ, ըստ Կահիրեի աղբյուրների՝ կործանման պատճառ կարող էր հանդիսանալ շարժիչի խափանումը եւ ինքնաթիռի վերահսկողության կորուստը: Սակայն, նրանք նաեւ նշել են, որ ահաբեկչական հարձակման կամ հրթիռակոծության տարբերակը իսպառ բացառված է:
լրացված 12.44-ին
Շարմ-Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական Airbus-321-ի հատվածները հայտնաբերվել են Սինայական թերակղզու հյուսիսային հատվածում: Այս պահին տեղանքը շրջափակված է իրավապահների կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
լրացված 12.24-ին
Պուլկովոյի օդանավակայանում անհետացած օդանավի ուղեւորների հարազատների աջակցության շտաբ է ստեղծվել: «Այո, իհարկե, ստեղծվել է», — ասել է սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ռժանենկովը:
լրացված 12.30-ին
Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր տնօրինությունը որեւէ տեղեկություն չունի ռուսական ուղեւորատար ինքնաթիռի անհետացման մասին. «Մենք չունենք որեւէ տեղեկություն մեր տարածքում ռադարներից անհետացած ռուսական օդանավի մասին: Մենք չենք կարող մեկնաբանել այն փաստը, որ ինքնաթիռը մինչեւ անհետացումը կապվել է թուրք կառավարիչների հետ», — ասել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը:
լրացված 12.20-ին
լրացված 12.10-ին
Եգիպտական ռադարներից անհետանալուց առաջ ռուսական օդանավը մոտական օդանավակայանում վայրէջքի թույլատվություն է խնդրել: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ Կահիրեի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ օդանավը գտնվել է ավելի քան 9000 մետր բարձրության վրա, երբ ինքնաթիռի նավապետը ռադիոկապ է հաստատել օդային երթեւեկության կարգավարների հետ: Դրանից հետո արդեն կապը կորել է:
լրացված ժամը 11.34-ին
Եգիպտական ռադարներից անհետացած ռուսական ինքնաթիռից նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինքնաթիռը կապ է հաստատել թուրքական օդային երթեւեկության կարգավարների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ղեկավար օդային տրանսպորտի միջադեպերի գլխավոր տնօրինությանը՝ Այման ալ-Մուքադդամին: Ըստ նրա, օդանավը բարեհաջող դուրս է եկել եգիպտական օդային տարածքից, ավելի ուշ հետ կապվել է Թուրքիայի օդային երթեւեկության կարգավարների հետ:
11.30- ին
Լառնակայի շրջակայքում (Կիպրոս) քաղաքացիական ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստատեսությունը, ավելի քան 200 ուղեւորով ինքնաթիռը ռուսական է: Ուղեւորներից մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են: Ռիա նովոստիի փոխանցմամբ, Ռոսավիացիայի աղբյուրը տեղեկացրել է, որ Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ վերադարձող Airbus Kogalimavia (կամ MetroJet)-ը, անհետացել է ռադարներից Լառնայի շրջանում թռիչքից 23 րոպե անց:
Գործակալության զրուցակիցը տեղեկացրել է, որ ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ 7 անձնակազմի անդամներ:
Reuters-ի տվյալներով, օդանավը 212 ուղեւորի փոխադրում է իրականացրել, հիմնականում ռուս զբոսաշրջիկներ:




