Տնտեսական

Շատ սահմանափակ, բայց՝ շահեկան. սպասվելիք համաձայնագիրը ԵՄ-ի հետ

karenghazaryan
Երեւանում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստը: Քննարկվել են մակրոտնտեսական վերջին զարգացումները ՀՀ-ում եւ ԵՄ-ում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Հայաստանի համագործակցությունը, ներկայիս զարգացումները երկկողմ առեւտրում, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված եւ համալիր համակարգն ու հարակից հարցեր: Կողմերը կարեւորել են նոր փաստաթղթի ստորագրման համար ԵՄ-ի կողմից բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումը:

 

 

ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի երեւանյան նիստը համանախագահում էին հայկական կողմից էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն:

Հայկական կողմը կարծում է, որ եվրասիական միության Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է ԵՄ երկրների համար, այսինքն՝ Հայաստանը կամուրջ է դառնում երկու կողմերի համար: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նախ նշեց, թե առայժմ բավարար ժամանակ չի անցել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որպեսզի որոշակի գնահատական տրվի:

Բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել շատ ապրանքների գծով մաքսատուրքերը ցածր պահել, ինչի արդյունքում շատ ապրանքներ չթանկացան՝ հավելեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ արտոնյալ ռեժիմներ որոշակիորեն պահպանվում են նաեւ ԵՄ-ի հետ, որոնք մշտապես ներկայացվում են գործարարներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ու կարողանան օգտվել: Էկոնոմիկայի փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ շարունակվելիք բանակցությունների արդյունքում սպասվող նոր փաստաթղթի փաթեթը միայն տնտեսական ու առեւտրային չէ: Նա հույս ունի, որ մինչեւ տարեվերջ կսկսվեն պաշտոնական բանակցությունները՝ նոր ստորագրվելիք փաթեթի մասով:

Հայկական կողմից կարեւոր համարվող հարցերից մեկը Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհումն է: Այս խնդրի հետ կապված Եվրոպական կողմը հարցաշար էր ուղղարկել, որի պատասխանները պարոնակող փաթեթն այսօր հանձնվեց եվրոպացի գործընկերներին: Եվրոպական կողմից այսօրվա նիստի համանախագահող, Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն ասաց, թե կարեւոր զարգացում է համարում բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումը ԵՄ-ի կողմից: ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտլավսկին էլ ասաց, որ թեպետ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է շատ սամանափակ լինել, սակայն այն կարող է շատ շահեկան դերակատարում ունենալ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ամրապնդելու եւ նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի բարձրացման առումով եւ դրա համար շատ պարզ բաներ են պետք: Հայաստանը պիտի ունենա տեսլական, թե ինչի է ձգտում հասնել առաջիկա 10-15 տարիներին: ԵՄ-ն Հայաստանին դրա մշակման համար կտրամադրի 1.5 միլիոն եւ հուսով եմ, որ Հայաստանը այդ հնարավորությունը կօգտագործի:

Դեսպանը շեշտեց նաեւ թափանցիկ իրավական օրենսդրական համակարգի առկայության անհրաժեշտությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ լուրջ ջանքերի գործադրումը, քանի որ ներդրում չի կարող լինել, եթե երկրի հեղինակության վրա ստվեր են գցում կոռուպցիայի դեմ պայքարի անբավարարության խնդիրները: Մեկ վատ պատմությունը ստվեր է գցում 100 լավ պատմությունների վրա ներդրողների շրջանում: Եթե մեկ խոշոր ձեռնարկություն դուրս է գալիս շուկայից, դա վատ ազդակ է հղում մյուսներին՝ շեշտեց ԵՄ դեսպանը՝ կոչ անելով ուժերը համադրելու եւ փոխշահագրգռության ոգով առաջ շարժվելու:

Կարդացեք նաև

Back to top button