Այսօր հաշմանդամների միջազգային օրն է
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
1992թ ՄԱԿ-ի գլխավոր անասմբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի երեքը նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի այս կամ այն տեսակի հաշմանդամություն, 200 մլն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զագլի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշեր ունեն: Հայաստանում աշխատանքի տարիք ունեցող շուրջ 100 հազար հաշմանդամների միայն ութ տոկոսն է համարվում զբաղված, մյուսները դեռ գործազուրկ են: 2012-2015թթ Հայաստանում «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով». LIFE ծրագիրը: Այն նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմաններն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ծրագրի կազմակերպիչ ու մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին իրականացված աշխատանքները միտված են ոչ թե սոսկ հաշամնադմների սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելուն, այլ առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն և ներառելուն: