ՎերլուծականՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության դրդապատճառը տնտեսական էր և ոչ թե կրոնական. քաղաքագետ

alisagevorgyanlianaeghiazaryan
«Հայոց ցեղասպանության դրդապատճառն առաջին հերթին տնտեսական էր և ոչ թե կրոնական: Ցեղասպանության արդյունքում հայերին պատճառված  նյութական վնասը չորս անգամ գերազանցում էր այդ  տարիներին Թուրքիայի արտաքին պարտքը»,-ասում է  իրավաբան-քաղաքականագետ Իզաբելլա Մուրադյանը: Թուրքական իրավական  փաստաթղթերի վերաբերյալ նրա հետազոտությունը  վերհանում է  փաստեր, որոնք հաճախ վրիպում են պատմաբանների ուշադրությունից:

 


1915-ին հայերի մասսայական կոտորածները կազմակերպելիս երիտթուրքական կառավարությունը նախ հայտարարեց  ջիհադ:  Թուրքիայի տարածքում ապրող բոլոր հայերը հայտարարվեցին թշնամիներ, իսկ սունիտական օրենքի համաձայն առաջինը, ով կսպաներ թշնամուն, կստանար նրա ունեցվածքը: Հայերի ունեցվածքի 5 տոկոսը փոխանցվում էր երիտթուրքերի կուսակացական բյուջեին: Մնացած մասը թշնամուն սպանողինն էր: Իրավաբան-քաղաքականագետ Իզաբելլա Մուրադյանի խոսքով՝ հենց այս օրենքի շնորհիվ հայերի մասսայական կոտորոծներին  իշխանությունը մասնակից դարձրեց  մեծ թվով մահմեդականների:

Կոտորածներից հետո Թուրքիայում ընդունվեցին  օրենքներ, որոնք օրիականացնում էին հայերի ունեցվածքի թալանը: Դրանք վերաբերում էին և անշարժ ու շարժական ունեցվածքի բռնագանձմանը, և բանկային հաշիվներին: «Թուրքիայի դաշնակից Գերմանիան հետագայում այդ օրենքներից մի քանիսը  պարզապես պատճենեց ու գրեթե նույնությամբ կիրառեց հրեաների նկատմամբ»,-ասում է իրավաբանը: Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության բուն դրդապատճառը  տնտեսական էր և ոչ թե կրոնական՝ հիշեցնելով 15 թվականին  նաև համշենահայերի կոտորածները, որոնք 16-րդ դարից իսլամ էին դավանում:

Սնանկ հայտարարված օսմանյան պետությունը վաճառում է հայերի ունեցվածքը, իսկ ամենաթանկարժեքը հողն էր և ընդերքը: «Եթե ուշադրություն դարձնենք երկրաբանական քարտեզին, ապա կտեսնենք, որ հայերի առաջին մասսայական կոտորածները տեղի են ունեցել այն տարածքներում, որտեղ  ընդերքը հարուստ է օգտակար հանածոններուվ»,-ասում է Մուրադյանը:

Իրավաբանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումն առ այսօր չի կայացել ոչ միայն Թուրքիայի ժխտողականության, այլ նաև գերտերությունների տնտեսական շահերի պատճառով: Նախկինում հայերին պատկանող տարածքներում թուրքիայի արտաքին գործընկերներն այնպիսի հսկայական հարստություն են կուտակել, որից հրաժարվելն, ըստ իրավաբանի, իհարկե, դժվար կլիներ:

Այս խնդրի առնչությամբ ներկայացնենք Մատենադարանի  գիտաշխատող  Անահիտ Աստոյանի տեսակետը: Նրա համոզմամբ՝ հայկական ունեցվածքի թալանի պատասխանատվության բեռը ոչ միայն երիտթուրքական, այլև քեմալական՝ հետևաբար և ժամանակակից Թուրիայի ուսերին է: «Արևմտահայությանն ասպարեզից  հեռացնելով երիտթուրքական և քեմալական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրանց ունեցվածքի յուրացումով ստեղծեցին ազգային կապիտալ: Հայերի տնտեսության ոչնչացումը դարձավ թուրքական տնտեսության զարգացման հիմքը: Այսօր թուրք պատմաբաններն անգամ հաստատում են, որ ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը գրեթե ամբողջապես հենված է հայերից բռնագրավված ունեցվածքի վրա»,-ասում է Անահիտ Աստոյանը:

1914-1918 թթ. օսմանյան պետական բյուջեն, հակառակ պատերազմական ծանր պայմաններին, աննախադեպ աճ է արձանագրել: Անգլիական հետախուզության տվյալների համաձայն` թուրքական իշխանությունները հայերից բռագրաված գումարների հաշվին հոգացել են պատերազմական հսկայական  ծախսերը և վճարել արտաքին պարտքերի զգալի մասը: քեմալական շարժումը, որի արդյունքում 1923 թվականի հոկտեմբերին ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, ըստ մատենադարանի գիտաշխատողի, կրկին հայկական ունեցվածքի հաշվին էր: Այնպես որ` Թուրքիայի Հանրապետությունը զերծ չի կարող մնալ նյութական պատասխանատվությունից:

Back to top button