Սփյուռքի ձայնը

«Ես ռուս չեմ, ես հայ եմ». ինքնության գաղտնի պատերազմը և Կոմիտասի «զենքը» Վիլնյուսից մինչև Մոսկվա. «Սփյուռքի ձայնը»

Երբ օտար ափերում ապրող հայ երեխան հայելու մեջ նայելիս իրեն «ռուս» կամ «լիտվացի» է կոչում, սկսվում է մի լուռ պատերազմ, որտեղ միակ զենքը լեզուն է, իսկ վերջին ամրոցը՝ կիրակնօրյա դպրոցը։ «Սփյուռքի ձայն» հաղորդաշարի տաղավարում հանդիպել են երկու կին, ովքեր իրենց ուսերին են վերցրել այդ պատերազմի ամենածանր բեռը։ Վիլնյուս, Կրասնոդար և Մոսկվա. երկու տարբեր աշխարհներ, բայց նույն ցավը՝ արագորեն ձուլվող նոր սերունդը։ Ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանին այդքան մոտ Ռուսաստանում հայ երեխան ավելի շուտ է կորցնում իր ինքնությունը, քան հեռավոր Մերձբալթիկայում, և ինչո՞ւ է Կոմիտասի երգը երբեմն ավելի հզոր գործում, քան պատմության դասագիրքը։

Վիլնյուս. ուսուցչուհին, ով չի հանձնվում

Լիտվայի հայ համայնքը մեծ չէ, բայց Սուսաննա Աքուլյանի համար յուրաքանչյուր աշակերտ մի ամբողջ հայրենիք է։ Նա աշխատում է հասարակական հիմունքներով՝ առանց աշխատավարձի, պայքարելով խառն ամուսնությունների և ծնողների անտարբերության դեմ։ «Եթե ես չստանձնեմ այս պատասխանատվությունը, մեր համայնքում հայոց լեզուն ու մշակույթը վերջնականապես կմոռացվեն: Ես հանձնառա այս գործը, որպեսզի վերաարժևորեմ մեր լեզուն մեծահասակների գիտակցության մեջ և ավելի նպատակաուղղված աշխատեմ հատկապես ծնողների հետ»,- ասում է Սուսաննան։ Նրա համար հայոց լեզուն պարզապես հաղորդակցման միջոց չէ, այլ արմատների հետ կապը պահող վերջին թելը։ Երբ երեխաները հարցնում են՝ «Ինչի՞ս է պետք հայերենը Լիտվայում», նա պատասխանում է. «Հայերենը քեզ անհրաժեշտ է հորդ ու պապիդ հետ հաղորդակցվելու, նրանց հոգին ու պատգամը հասկանալու համար»:

Կրասնոդար, Մոսկվա. երբ երեխան մոռանում է, թե ով է ինքը

Ինեսսա Ալբա-Կոծինյանը, ով երկար տարիներ դասավանդել է Կրասնոդարում, իսկ այժմ աշխատում է Մոսկվայում, բախվել է մի զարհուրելի իրականության. Ռուսաստանի հայ երեխաներն իրենց այլևս հայ չեն զգում։ «Իմ համոզմամբ՝ Ռուսաստանի պայմաններում հայապահպանությունն անհամեմատ ավելի բարդ է, քան այլ երկրներում։ Ունեինք մի փոքրիկ աշակերտ, ով պնդում էր, թե ինքը ռուս է։ Ես փորձում էի բացատրել, որ նա հայ է, և ընդամենը մի քանի օր անց նա եկավ ու հպարտությամբ հայտնեց. «Ես արդեն գիտեմ. հայրիկս ասաց, որ ես հայ եմ»։ Ինեսսան գտել է իր «գաղտնի զենքը»՝ երաժշտությունը։ Լինելով օպերային երգչուհի՝ նա 4-ամյա երեխաներին Կոմիտաս է սովորեցնում։ Եվ երբ փոքրիկները սկսում են երգել «Կռունկը», նրանց աչքերում ինչ-որ բան փոխվում է։ Դա այն «արյան կանչն» է, որը ոչ մի ձուլում չի կարող լռեցնել։

Երևանյան հանդիպումը. վերադարձի սկիզբը

«Լեզուն կամուրջ է, կրթությունը՝ միասնություն» ծրագիրը սփյուռքահայ ուսուցիչների համար դարձավ ոչ միայն վերապատրաստում, այլև հոգևոր վերածնունդ։ Ինեսսան այնքան է տպավորվել հայրենիքով, որ նրա որոշումն անդառնալի է. «Այլևս չեմ ցանկանում վերադառնալ օտարություն։ Հավանաբար կհաստատվեմ հայրենիքում և այլևս չեմ մեկնի»,— խոստովանում է նա՝ հույս ունենալով իր արվեստը ծառայեցնել հենց Հայաստանում։ Իսկ Սուսաննան իր հետ Վիլնյուս է տանում նոր մեթոդներ, նոր պարեր և այն հզոր էներգիան, որը ստացել է Երևանի փողոցներից։ Նա գիտի՝ երբ վերադառնա, իր 16 աշակերտներին պետք է պատմի, որ Հայաստանը պարզապես քարտեզի վրա գույն չէ, այլ տուն, որտեղ իրենց սպասում են։

«Սփյուռքում յուրաքանչյուր հայերեն տառի համար մղվող պայքարը հերոսություն է, իսկ ուսուցիչները՝ մերօրյա Մաշտոցներն օտարության մեջ»,- եզրափակում են ուսուցիչները։

Կարդացեք նաև

Back to top button