ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Գերմանիան մտադիր է ավելի շատ գազ գնել Ադրբեջանից․ փորձագետը` Բաքվի ազդեցության մեծացման ու դրա ռիսկերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։ Ալիևի ու Մերցի ստորագրած փաստաթղթով ամրագրվում է Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ռազմավարական բնույթը, հաղորդում են լրատվամիջոցները, հստակեցնելով, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ գազ գնել Ադրբեջանից։ Փորձագետներն այս առումով Բաքվի ազդեցության մեծացման ռիսկեր են տեսնում տարածաշրջանում։ Ի դեպ, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Մերցը։

Գերմանիան նպատակ ունի ապագայում ավելի շատ գազ գնելու Բաքվից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է․

«Չորս տարի առաջ Ռուսաստանից գազի մատակարարումը դադարեցնելուց հետո Գերմանիան փնտրում էր մատակարարման նոր աղբյուրներ, և Ադրբեջանը այդ հարցում կարող է կարևոր դերակատար լինել»։

Երկու երկրների միջև ստորագրված հռչակագրով ամրագրվում է երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ վստահության վրա, նշվում է համատեղ հայտարարության մեջ։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մուշեղ Ղահրիյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է, որ այդ փաստաթուղը թերևս տնտեսական համագործակցության մասին է։

Ըստ նրա՝ աշխարհում առկա իրադրության պայմաններում, որտեղ մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է, մյուս կողմից՝ կրակի մեջ եռացող Մերձավոր արևելքը, Եվրոպական երկրները էներգակիրների այլընտրանք են փնտրում․

«Աճում է միջին ուղու նշանակությունը։ Հաշվի առնելով դա, ինչպես նաև Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ Ադրբեջանի հնարավորությունները որոշ առումով մեծանում են և Ադրբեջանը իրեն դիրքավորում է որպես էներգետիկ ու տրանսպորտային հանգույց, ինչպես նաև հանգույց էներգակիրների մատակարարման համար, ինչպես նաև կամուրջ Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև։ Դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկն է»։ 

Գերմանիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը ավելի խորն է, քան քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, սակայն բնույթով ու մակարդակով հեռու է դաշինք լինելուց։ Դաշինքը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ ասում է փորձագետը։ Մուշեղ Ղահրիյանի կարծիքով Ադրբեջանը, միևնույնն է, չի կարողանա մեծ ծավալով գազ մատակարարել Գերմանիա․

«Ներկայում Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպայի ավելի քան 10 երկրների, ու նոր գործընկերների թվում են Գերմանիան ու Ավստրիան։ Բնականաբար, Ադրբեջանը չունի այն ծավալները, որ դառնա Գերմանիայի համար այլընտրանք ռուսական գազի համար, որի մատակարարման ուղիները մեծապես խափանվել են պատերազմի ընթացքում, բայց Գերմանիայի դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում, որոշ առումով, կարող է լրացնել այդ առկա բացը, ինչը հիմնական համագործակցության կետն է»։

Գերմանիայի կանցլերն ասել էր, որ Ադրբեջանը տարածաշրջանի այն քիչ երկրներից է, որոնք ավելի շատ էներգիա են արտադրում, քան սպառում են։ Եվ, ըստ Մերցի, Բաքուն հետաքրքիր գործընկեր է, երբ խոսքը վերաբերում է Գերմանիայի էներգամատակարարման ապահովմանը։ Բեռլինի հետաքրքրությունը հիմնականում տնտեսական է: Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Գերմանիա, քանի որ ԵՄ-ն հրաժարվում է ռուսական էներգակիրներից:

Այժմ Ադրբեջանը Գերմանիա տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում, գրում է DW–ն։ Որպեսզի  այդ ծավալն ավելանա, հարկավոր է լրացուցիչ գազատարներ կառուցել, խոստովանում է Ալիևը։ Փորձագետ Մուշեղ Ղահրիյանն ընդգծում է, որ գազի արտահանման ծավալները մեծացնելով, Բաքուն նպատակ ունի նաև ներդրումներ ներգրավել ։

«Բնականաբար եթե Ադրբեջանի դերը աճում է խոշոր խաղացողների համար, Բաքուն կփորձի դա կապիտալիզացնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում իր դերն ու ազդեցությունը մեծացնելու համար, որը, բնականաբար, ռիսկեր է պարունակում մեզ համար»։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին։ Ֆրիդրիխ Մերցը շեշտել է, որ համաձայնագիրը բացում է տասնամյակներ տևած հակամարտությունը հաղթահարելու ճանապարհը։ Ի դեպ՝ հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Երկու երկրների ղեկավարները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասի, ընդգծել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Ֆրիդրիխ Մերցն  անդրադարձել են նաև Գերմանիայի և ԵՄ երկրների հետ Հայաստանի համագործակցությանը

Կարդացեք նաև

Back to top button