
Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանն իր գործունեությունը չի սահմանափակում միայն ցուցադրություններով. դրա վառ ապացույցն են թանգարանի կողմից լույս ընծայված բազմաթիվ գիտական ուսումնասիրություններն ու պատկերագրքերը։
Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի փոխանցմամբ՝ շուտով օտար լեզուներով լույս կտեսնեն հայկական ազգային տարազի, գորգերի և գոտիների մասին գիտական աշխատանքներ, ինչը շատ կարևոր է նյութն ավելի լայնորեն տարածելու և տարբեր երկրներում ներկայացնելու համար։ Նա նաև առանձնակի անդրադարձ է կատարում ազգային տարազի մաս կազմող գոտու կիրառությանն ու կարևորությանը։
Բացի այդ, թանգարանը ակտիվորեն զարգացնում է միջազգային համագործակցությունը․ առաջիկայում այստեղ կբացվի չինական մշակույթը ներկայացնող ցուցահանդես, ինչին ի պատասխան՝ Սարդարապատի թանգարանը հայկական մշակույթը կներկայացնի Չինաստանի տարբեր քաղաքներում։




