ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նորընտիր ԱԺ 105 պատգամավորից 12-ն անցնում կամ անցել է քրեական գործերով

Երկու օր շարունակված դռնփակ քննարկումներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել արդեն մեկ օր պատգամավորի կարգավիճակ ունեցող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, սակայն չի ընդունել ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությանը։

9-րդ գումարման ԱԺ-ում, սակայն, Նարեկ Կարապետյանը միակը չէ, որ անցնում կամ անցել է քրեական հանրային հետապնդման ճանապարհով։ Նոր Ազգային ժողովը ձևավորած քաղաքական երեք ուժերն էլ իրենց կազմում ունեն այդպիսի գործիչներ։

Տարբեր տարիներին և հենց այս պահին քրեական տարբեր գործերով անցնող 12 պատգամավոր կա 105 հոգուց կազմված խորհրդարանում։ Վերջին անգամ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում էր նախորդ տարվա հուլիսին․ մեկ տարի առաջ՝ այս օրերին, քննարկվում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, և դատախազը չէր բացառել վերադառնալու հնարավորությունը․

«Վստահեցնում եմ, եթե երբեէ որևէ անձի արարքում հանցագործության հատկանիշ լինի, հաստատ կգամ այստեղ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեպքում Գլխավոր դատախազությունը չսպասեց նոր Աժ աշխատանքի մեկնարկին և քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունը ստացավ ԿԸՀ-ից։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մանրամասները դատախազությունը դեռ չի բացահայտում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին, որի հիմքում հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներն են։

«Ուժեղ Հայաստան»-ում իրավապահների գործողությունները գնահատում են որպես Նարեկ Կարապետյանի գործունեությունը խոչընդոտելու քայլ և իրավունքի դեֆորմացիա։ Պատգամավորական մանդատից հրաժարված, բայց թիմի անդամ փաստաբան Գոհար Մելոյանը պնդում է, որ ԿԸՀ-ն նման որոշում ընդունելու իրավասություն այլևս չի ունեցել։ Փաստաբանը հիշեցնում է, որ նախորդ փուլում, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էին ընտրության արդյունքները, դատախազությունը կրկին միջնորդություններ էր ներկայացրել՝ պատգամավորության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Փաստաբանը հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի որոշումը․

«Սևը սպիտակի վրա գրված է, որ հուլիսի 4-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն տարածվում պատգամավորի թեկնածու չհանդիսացող անձանց վրա։ Հուլիսի 21-ին բոլոր թեկնածուները ստացել են պատգամավորի կարգավիճակ։ ԿԸՀ-ն հերթական նիստն է անցկացրել, դրա հիմքով նաև արձանագրության հիման վրա վկայականներ են տրամադրվել։ Երեկվանից պաշտոնապես հենց նույն ԿԸՀ-ի արձանագրությամբ բոլոր թեկնածուներն արդեն պատգամավոր են։ Արդյո՞ք այս պահից չի սկսում գործել Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը անձեռնմխելիություն է սահմանում պատգամավորի նկատմամբ։ Իսկ անձեռնմխելիությունը ենթադրում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ԱԺ համաձայնությամբ»։

Մինչև նորընտիր ԱԺ առաջին նիստը սահմանադրական այլ կարգավորումների մասին է խոսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը․

«Ըստ էության, մինչև օգոստոսի 2-ը եթե արձանագրությունում ընտրված պատգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, դատախազությունը պետք է դիմի ԿԸՀ և համաձայնություն ստանա, այնուհետև քրեական հետապնդումը հարուցի։ Եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրեական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ին՝ ժամը 10-ից արդեն, պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունն այլևս պետք է դիմի խորհրդարանին»։

Այսպիսով, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության 5 անդամ անցնում է քրեական տարբեր գործերով։ Նարեկ Կարապետյանից բացի՝ Դավիթ Ղազինյանի գործը ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով արդեն ուղարկվել է դատարան։ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը արդեն մի քանի տարի անցնում է պաշտոնական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական գործերով։ Վերջերս նրա նկատմամբ նոր քրեական վարույթ է հարուցվել, որն առնչվում է հողատարածքների օտարմանը և արդեն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Էդգար Ղազարյանը 2025-ին մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով․ դրանց հիմքում Ղազարյանի հրապարակային ելույթներն էին Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։ Համայնքային միջոցների վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի քրեական գործն ավարտված չէ․ այս տարվա մարտին գործի վերաբացման մասին հրապարակումներ եղան։

«Հայաստան» խմբակցությունից 4 պատգամավորի անուն է շրջանառվել տարբեր քրեական գործերում՝ Լևոն Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Սարգսյան, Մեսրոպ Մանուկյան։ Նախորդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանը, ի դեպ, արդեն մեկ տարի կալանավորված է։ Ըստ օրենսդրական կարգավորումների՝ կալանավորված անձը պահպանում է ընտրվելու իրավունքը, բայց պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների կազմակերպման համար՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Ավելի վաղ՝ 2025 թվականին, Սիսիանի նախկին քաղաքապետ Սարգսյանը նաև մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ի տարբերություն ընդդիմադիր խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրում» քրեական աղմկահարույց գործերով անցնող կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող պատգամավորներ չկան։ Ամենահնչեղ գործը, թերևս, կապված է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ։ Նրա անունը տարիներ առաջ մամուլում և իրավապահների հաղորդագրություններում ակտիվորեն շրջանառվում էր Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծի դեպքի առթիվ։ Դրա պատճառով նա հրաժարական էր տվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդում չի եղել։ Տրդատ Սարգսյանը պատգամավորի մանդատ է ստացել։

Կարդացեք նաև

Back to top button