Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կոչից հետո, հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ՝ խնդրելով հարցը չդնել քվեարկության։ Դրանից հետո, ըստ աղբյուրի, Իսրայելի իշխանությունները Բաքվին տեղեկացրել են, որ նախագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից և չի քննարկվի ամառային նստաշրջանի վերջին լիագումար նիստերում։
Haaretz-ը նշում է, որ որոշ կրոնական և ընդդիմադիր կուսակցություններ նույնպես նախապես հասկացնել էին տվել, որ դեմ են քվեարկելու նախաձեռնությանը։ Քնեսեթի աշխատանքները կվերսկսվեն միայն հոկտեմբերի 27-ին նախատեսված համապետական ընտրություններից հետո։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությանը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ որոշումը պետք է ներկայացվեր Քնեսեթ՝ վերջնական քննարկման և հաստատման։
Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի բարոյական և պատմական պարտականությունն է։
Կառավարության որոշումից հետո Ադրբեջանը խիստ քննադատել էր նախաձեռնությունը և կոչ արել Իսրայելին վերանայել այն՝ վերահաստատելով Թուրքիայի դիրքորոշումը, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։




