
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են, հայտնում է Առաջին լրատվական ալիքը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Մենք առավելագույնս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրի հետ։ Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- Imedi հեռուստաալիքի եթերում ասել է Կոբախիձեն
Իսկ արդեն Վրաստան-Թուրքմենստան բիզնես համաժողովի բացման ընթացքում իր ելույթում նա խոսել է երկրի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման և Միջին միջանցքում Վրաստանի դերի վրա։
«Վրաստանը շարունակում է ուժեղացնել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները, որպեսզի Միջին միջանցքը դառնա ավելի արագ, արդյունավետ և մրցունակ։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանի երկաթուղու արդիականացումը, Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու զարգացումը և Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը»,- վարչապետ Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։




