
Հունգարիայի կառավարությունը հետաքննություն է սկսել նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի առնչությամբ։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նախկինում մեղադրել էր Սիյարտոյին «ռուսների հետ դավադրության» մեջ եւ խոսել նրա կողմից հնարավոր պետական դավաճանության մասին։
Այս տարվա մարտին հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ Սիյարտոն իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ քննարկում էր ԵՄ պատժամիջոցների հետ կապված կոնֆիդենցիալ հարցեր։
Վարչապետ Մադյարը հաստատել է, որ «հետաքննությունն արդեն սկսվել է»։ Նրա խոսքով՝ գործը ներառում է արտաքին քաղաքականությանը վերաբերող պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ փաստաթղթեր։ «Հենց հայտնվի մի բան, որով հնարավոր կլինի կիսվել, մենք այն կհրապարակենք»,- ասել է Պետեր Մադյարը։
Պետեր Սիյարտոն Հունգարիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014- 2026 թվականներին։ Այդ տարիներին երկիրը ղեկավարած ՖԻԴԵՍ կուսակցությունը պարտվել էր ապրիլին կայացած ընտրություններում։ Սակայն Սիյարտոն պահպանել էր պատգամավորական մանդատը։
Իսկ ահա հուլիսի 15-ին Սիյարտոն հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից եւ աշխատանքի է անցնում չինական BYD ավտոմոբիլային ընկերությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոն։




