ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս լուծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության խնդիրը. ՄԻՊ-ը և գերմանական IRZ-ն աշխատաժողով են սկսել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցությամբ, մեկնարկել է ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով եռօրյա աշխատաժողով։ Միջոցառումը նպատակաուղղված է մասնագետների կարողությունների հզորացմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացմանը։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը, գենդերային հավասարության ապահովումը, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ռազմավարական առաջնահերթություններից են։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության կանխարգելումն ու դրա նկատմամբ արդյունավետ արձագանքը պահանջում են ոչ միայն իրավական կարգավորումների առկայություն, այլև տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների շարունակական վերապատրաստում, միջգերատեսչական համագործակցություն և իրավունքահեն մոտեցումների հետևողական կիրառում։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, գենդերային հավասարության ապահովման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն։ Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ այս ոլորտներում շարունակում են պահպանվել մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք։

Հատկապես կարևոր է ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը։ Այս համատեքստում կարևորում եմ ոչ միայն Երևանում, այլև մարզերում աշխատող մասնագետների մասնագիտական ներուժի ամրապնդումը, քանի որ բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են հենց առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

IRZ- Հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմի ներկայացուցիչներին՝ կարևորելով երկու կառույցների միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցությունը և ընդգծելով նման վերապատրաստումների նշանակությունը ոլորտային կարողությունների ամրապնդման գործում։

Աշխատաժողովի շրջանակում գերմանացի փորձագետները ներկայացրել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության դեպքերում արդյունավետ արձագանքման միջազգային փորձն ու գործնական մոտեցումները։

Միջոցառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն ևս երկու օր։

Կարդացեք նաև

Back to top button