
Երկարատև քննարկումներից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց կյանքից հեռանալու աջակցության մասին օրինագծին։
Նոր օրենքին կողմ է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 291 անդամ, դեմ են եղել 241-ը։ Օրինագիծը երեք անգամ մերժվել էր խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից։
Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն օրենքի առանձին հոդվածներ ներկայացրել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի քննարկմանը, և միայն խորհրդի հաստատումից հետո օրենքը կմտնի ուժի մեջ։
Նոր իրավակարգավորումից օգտվելու հնարավորություն կունենան Ֆրանսիայի չափահաս այն քաղաքացիները կամ երկրում մշտական ու օրինական հիմքերով բնակվող այն անձինք, ովքեր տառապում են ծանր, անբուժելի հիվանդությամբ, ինչը պատճառում է անտանելի ու անհաղթահարելի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ։
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ հիվանդի դիմումից հետո բժիշկները խորհրդակցում են այլ մասնագետների հետ և որոշում են կայացնում 15 օրվա ընթացքում։ Դրական եզրակացության դեպքում հիվանդին տրվում է ուղիղ երկու օր՝ վերջնական որոշման համար։ Մահացու դեղաչափի ներարկումը պացիենտը պետք է կատարի ինքնուրույն. բժշկական անձնակազմին թույլատրվում է ներարկել դեղամիջոցը միայն այն դեպքում, երբ անձը ֆիզիկապես ի վիճակի չէ դա անել։
Այս օրենքը հասարակական և քաղաքական սուր քննարկումների պատճառ է դարձել։ Սենատի աջ պահպանողական մեծամասնությունը երեք անգամ մերժել է օրինագիծը, սակայն Ազգային ժողովն օգտվել է սահմանադրական իր իրավունքից՝ չորրորդ ընթերցմամբ շրջանցելով Սենատի վետոն։
Վարչապետ Լեկորնյուն նույնպես մտահոգություն է հայտնել և օրենքի առանձին հոդվածներ ներկայացրել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի քննարկմանը։
Նախագահ Էմանուել Մակրոնը, որի նախընտրական գլխավոր խոստումներից էր այս օրենքը, ողջունել է խորհրդարանի որոշումը։
Ֆրանսիան աշխարհում 11-րդ երկիրն է, որն օրինականացնում է էֆտանազիան։




