
Ֆրանսահայ օծանելիքագործ, Dior-ի օծանելիքների ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրանսիս Քուրկջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանը։
Instagram-ի իր էջում նա գրել է, որ այս ճանաչումը մեծ պատիվ է համարում և այն նվիրում է բոլոր նրանց, ովքեր ուղեկցել են իրեն իր ճանապարհին։ Քուրկջյանը նաև նշել է, որ պարգևը յուրահատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ այն նվիրում է Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկ-պապիկներին։
«Նրանց քաջությունը, իրենց նոր հայրենիքի հանդեպ հավատը և ինձ փոխանցած արժեքները այս պատվին իսկապես յուրահատուկ արձագանք են հաղորդում»,-գրել է նա։




