
Հայաստանում սպառողական վարկերի ծավալն ավելանում է աննախադեպ արագությամբ։ Մասնագետները դա բացատրում են կենսամակարադակի բարձրացումով։ Սպառողական վարկերը ուղիղ կապ ունեն նաև հիպոթեկային վարկերի հետ։ Մարդիկ գնել են բնակարաններ, այժմ շատերի համար դրանց կահավորման փուլն է։ Սրան զուգահեռ ավելացել են են նաև բիզնեսին տրվող վարկերը։
Կիսամյակային տվյալները դեռ ամփոփվում են, բայց վերջին տարվա և ամիսների ցուցանիշերը փաստում են, որ Հայաստանում սպառողական վարկերի պորտֆելն աճել է գրեթե մեկուկես անգամ։ Այն անցել է 2 տրլն դրամի սահմանը։ Վերջին տարիներին վարկերի կեսից ավելին ֆիզիկական անձանց է տրվել։ 2025–ին, օրինակ, դրանք 44 % են կազմել։ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հիշեցնում է, որ Հայաստանում օրենքը թույլ չի տալիս արտարժույթով սպառողական վարկ տրամադրել․
«Վարկերի մասով 2023–ին արտարժութայինները բավական բարձր էին, 12, 13,5 % էր, այժմ արտարժութային վարկերը 9,1 % են։ Սա պայմանավորված է նրանով, որ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց, և օրենքներով արգելվեց սպառողական վարկերի արտարժույթով տրամադրումը, քանի որ սպառողական վարկեր էին տրամադրում, դրանք որոշակի բարձր տոկոսներով էին։ Տոկոսադրույքների բարձրացումը նաև որոշակիորեն մենք մեկնաբանում ենք էն հանգամանքով, որ շատ մեծ պահանջարկ կա շուկայում թե՛ սպառողական, թե՛ այլ վարկերի»։
Սպառողական վարկերի աճը մասնագետները բացատրում են նոր բնակարանների կահավորմամբ։ ԿԲ–ն վերլուծում է իրավիճակը։ Փորձագիտական դաշտում նույնպես հետևում են սպառողական վարկերի աճին։
Տնտեսագետ Մերի Բոյաջյան․
«Սպառողական վարկերի ավելացումը գերազանցում է բնակչության եկամուտների աճը։ Սա բանկային համակարգում որոշ ռիսկերի կարող է հանգեցնել և, Կենտրոնական բանկի անցկացրած սթրես թեստերի համաձայն, իրադարձությունների զարգացման ամենաբացասական կանխատեսումների դեպքում հաճախորդների չվճարելու հետևանքով բանկային համակարգին հասցված վնասը կարող է կազմել շուրջ 185 մլրդ դրամ կամ մոտ 500 մլն դոլար»։
Վարկերի ամենամեծ ծավալն ապահովում է շինարարության ոլորտը․ շուրջ 30 %-ով աճել է վարկային պորտֆելը։ Իսկ ամենամեծ մասնաբաժինը սպառողական վարկերինն է։ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան․
«Այնուհետև գալիս է հիպոթեկային պորտֆելը, որը կազմում է 1,6 տրլն դրամ և ամբողջի 21,3 %-ն է կազմում։ 3–րդ և 4–րդ տեղերում շինարարության ոլորտ է՝ սպասարկման ոլորտը, առևտուրը։ Առանձնացրել ենք նաև գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Մնացած ոլորտները 5 %-ից ցածր են և միասին կազմում են 9,9 %»։
Բանկային համակարգի՝ տնտեսությանը տրամադրած վարկային պորտֆելը 23 %-ով է աճել, ավանդայինը՝ մոտ 13 %–ով։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Վերջին երեք տարիներին վարկավորումը մոտ 2 անգամ գերազանցում է ավանդները։ Տնտեսագետ Մերի Բոյաջյան․
«Սա նշանակում է, որ տնտեսությունում վարկերի բարձր պահանջարկը նաև բանկային համակարգի կապիտալի հաշվին է եղել, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում հատկապես բանկերի համար։ Ուղղակի կապ ունի բնակչության եկամուտների հետ։ Վարկառուները պետք է վճարունակ լինեն, որ կարողանան իրենց վարկերը մարեն»։
2025–ի փետրվարի 1–ից գործում է «Անհուսալի վարկեր» սոցիալական ծրագիրը։ 2024–ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց թիվը 341 հզր էր։ Նրանց վարկային բեռը գրեթե 642 մլրդ դրամ է։
Այսօր արդեն Բանկերի միության նախագահը արձանագրում է՝ չգործող վարկերը համակարգում նվազման միտում ունեն։ Եթե նախկինում դրանք մոտ 5 % էին, ապա այժմ 2 % էլ չեն կազմում։




