
Եվրոպականմիությանխորհուրդն այսօր գործարկում է ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում (EU Partnership Mission-EUPM Armenia)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում՝ հայտնում է Խորհուրդը:
Սա խորհրդատվական քաղաքացիական առաքելություն է՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային մարտահրավերներին՝ ներառյալ կիբերսպառնալիքներ, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ ու միջամտությունները (FIMI) և ապօրինի ֆինանսական հոսքեր:
Առաքելության ստեղծումը պաշտոնապես հաստատվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։ Առաքելությունը կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական խորհրդատվություն և և կաջակցի Հայաստանի տարբեր պետական գերատեսչությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, այն է՝ կտրամադրի գործնական, օպերատիվ խորհրդատվություն և կստեղծի հատուկ ծրագրային խումբ՝ իր մանդատով նախատեսված թիրախային գործողություններն իրականացնելու համար՝ միջազգային գործընկերների հետ սերտ հ գործակցությամբ:
EUPM Armenia-ն գործադիր գործառույթներ չունեցող առաքելություն է և որևէ դերակատարում չի ունենա Հայաստանի իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում:
Այս առիթով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է․
«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանին ուղղված տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ օգնելու հակազդել ռուսական ճնշումներին: Այսօր մենք այնտեղ տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին՝ պայքարելու կիբերսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն կայուն, անկախ Հայաստանի և սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի գլխավոր ջատագովն է: Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքի դեմ»։
EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ԵՄ ավելի լայն ու համապարփակ մոտեցման մաս է՝ համատեղելով կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցությունը: Այն արտացոլում է երկրի դիմակայունությանն ու ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու ԵՄ հաստատակամ հանձնառությունը:
Առաքելության սկզբնական մանդատը կլինի երկու տարով։ Այն հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ երկրների կողմից գործուղված փորձագետներից:
Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակվել է Առաքելության ղեկավար 2026 թվականի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է Մոլդովայում՝ որպես ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար:
2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը հաստատեց ԵՄ-Հայաստան գործընկերության նոր Ռազմավարական օրակարգը: Հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքերի վրա՝ ռազմավարական օրակարգը նշանակալի քայլ է հարաբերությունների խորացման գործում բազմաթիվ ոլորտներում, ներառյալ անվտանգության և պաշտպանության բնագավառում: Դրա առաջնահերթություններից է համագործակցության ամրապնդումը հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների դեմ պայքարում:
Գերագույն հանձնակատարին ուղղված 2025 թվականի դեկտեմբերի 12-ի նամակով ՀՀ արտաքին գործերի նախարարը առաջարկել է Միությանը քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում՝ ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) ներքո: Առաքելությունը պաշտոնապես հաստատվել է 2026 թվականի ապրիլի 21-ին:
EUPM-ը երկրորդ քաղաքացիական CSDP առաքելությունն է Հայաստանում: Այն առանձին և անկախ է 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA), որի խնդիրն է տեղում իրավիճակի դիտարկումն ու զեկուցումը, վստահության ամրապնդմանն ու մարդկային անվտանգությանը նպաստելը:




