
«Ոսկե ծիրան»-ի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro-ն, տեղի կունենա հուլիսի 13–18-ը՝ կինոփառատոնի շրջանակում, ներկայացնելով համաշխարհային կինոարդյունաբերության առաջատար մասնագետներին, նորարարական տեխնոլոգիաներն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։
Նախ, GAIFF Pro-ն հայտարարել է համագործակցության մեկնարկ արհեստական բանականության առաջատար Magnific AI (նախկինում՝ Freepik) հարթակի հետ։ Համագործակցության շրջանակում կիրականացվի բացառիկ AI Filmmaking Workshop աշխատարանը։
GAIFF Pro Industry-ի 2026 թվականի ծրագիրը ներառում է մասնագիտական աշխատարաններ, վարպետաց դասեր, գործնական քննարկումներ և պանելային հանդիպումներ՝ նախատեսված կինոռեժիսորների, պրոդյուսերների և ոլորտի մասնագետների համար։
Nordisk Film & TV Fond-ի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենի աշխատարանը կներկայացնի «FOMO կինոարտադրություն․ ինչպես խուսափել դրանից» թեման՝ օգնելով կինոգործիչներին բացահայտել իրենց նախագծերի հիմնական գաղափարը և ուժեղացնել միջազգային ներկայացումը։
CNC FAI Commission-ի, PROCIREP ANGOA Commission-ի, Eurodoc-ի և DAE-ի անդամ Վիկտոր Էդեն, կանդրադառնա համարտադրությանը՝ որպես ստեղծագործական համագործակցության ձև՝ քննարկելով միջազգային գործընկերության, ֆինանսավորման և ստեղծագործական գործընթացների առանձնահատկությունները։
Վենետիկի կինոփառատոնի Orizzonti մրցանակակիր ռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը կանցկացնի սցենարական վարպետաց դաս՝ ներկայացնելով հեղինակային կինոյի ստեղծման իր մոտեցումները։
GAIFF Pro 2026-ի շրջանակում կանցկացվեն նաև մասնագիտական քննարկումներ՝ նվիրված արհեստական բանականությանը, հեղինակային իրավունքին, ֆիլմերի մարքեթինգին, համարտադրությանը և քասթինգի դերին միջազգային կինոարդյունաբերությունում։
AI-ի և ստեղծարար ոլորտների ապագային նվիրված քննարկմանը կմասնակցեն մտավոր սեփականության և քաղաքացիական իրավունքի մասնագետ Եվգենյա Նիկողոսյանը, ReArmenia-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանը և «Փոքր Մհեր» (2026) ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Մարգարյանը։
Armenian Film Society-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Կարաօղլանյանը կներկայացնի ֆիլմերի միջազգային առաջխաղացման ռազմավարությունները, իսկ Մարիամ Չաչիան կներկայացնի «Wave» վավերագրական նախագծի համարտադրության փորձը։
Գլխավոր պանելային քննարկումը՝ «Տեղական տաղանդ, համաշխարհային տեսանելիություն․ քասթինգը որպես ստեղծագործական կամուրջ», կանդրադառնա տեղական դերասանների միջազգային ճանաչման հնարավորություններին՝ Filmmakers Europe-ի տնօրեն Դավիդ Ցիցլսպերգերի, քասթինգ տնօրեններ Հերմինա Ֆատյոլի և Հարիկա Ույգուրի մասնակցությամբ։
2026 թվականին կվերադառնան նաև GAIFF Pro Rendezvous հեղինակային հանդիպումները, որոնց հատուկ հյուրերի թվում են Ջեսիկա Հաուսները, «Օսկար»-ակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին, կինոյի պատմաբան Մարկ Քազինսը, Proximity Media-ի համահիմնադիր Սև Օհանյանը և ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը։




