
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) առաջին անգամ կրթական ծրագրի շրջանակում ընդունել է ԱՄՆ-ից ժամանած դպրոցականների խումբ: Հուլիսի 8-11-ը անցկացվող ամառային դպրոցին մասնակցում են Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտները:


Նախագիծն իրականացվում է «Genocide Education Project» կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է ամերիկացի պատանիներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա տարբեր ասպեկտներին ու հետևանքներին:
Թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ այս բացառիկ կրթական այցի նախաձեռնողը Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին է: Նա 2024 թվականին մասնակցել էր ՀՑԹԻ-ի և «Genocide Education Project»-ի կողմից ամերիկացի մանկավարժների համար կազմակերպվող ամենամյա վերապատրաստման դասընթացներին: Այս տարի նա Հայաստան է ժամանել արդեն իր աշակերտների հետ։




