ԿարևորՄիջազգային

Թուրքիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի նոր՝ DSRB պաշտպանական բանկի ստեղծմանը

Թուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանը, հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ Անկարայի այս որոշումը հաստատվել է երկրի ղեկավարության կողմից՝ պատկան նախարարությունների և գերատեսչությունների իրականացրած համապարփակ ռազմավարական ու տեխնիկական գնահատումների արդյունքում։

Ֆինանսական կոնսորցիումի ստեղծման նախագիծն ակտիվորեն քննարկվել էր Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Սկզբնական շրջանում Թուրքիան նշվում էր այն երկրների թվում, որոնք պատրաստակամություն էին հայտնել աջակցել նախագծին։ Սակայն մանրակրկիտ ներքին վերլուծությունից հետո թուրքական կողմը որոշել է չմտնել հիմնադիրների կազմի մեջ։

Պաշտպանական բանկը (Defence, Security and Resilience Bank) ստեղծվում է դաշինքի մի շարք անդամ պետությունների (Կանադայի, Բելգիայի, Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի) և Ուկրաինայի կողմից։ Կառույցի գլխավոր նպատակն է մոբիլիզացնել մինչև 134 միլիարդ դոլար՝ ռազմական նախագծերի ուղղակի վարկավորման և ֆինանսավորման, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու համար։

Նոր ֆինանսական ինստիտուտի գլխավոր գրասենյակը տեղակայվելու է Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Կոնսորցիումը նախատեսում է լիարժեք օպերատիվ գործունեություն սկսել մինչև 2027 թվականը։

Թուրքիայի պաշտոնական շրջանակներն դեռ հանդես չեն եկել հրապարակային մեկնաբանություններով։ Այդուհանդերձ, վերլուծաբանները երկրի այս դիրքորոշումը կապում են Անկարայի՝ տվյալ ֆինանսական կոնսորցիումի շրջանակներում աշխարհաքաղաքական և ֆինանսական պարտավորություններ ստանձնելու ցանկության բացակայության հետ։

Կարդացեք նաև

Back to top button