
Պակիստանն ու Կատարը աշխատում են Միացյալ Նահանգներին եւ Իրանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երկու երկրների միջեւ հրադադարը խախտվել է, երբ կողմերը փոխադարձ նոր հարվածներ են հասցրել։
Ավելի վաղ` Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը «քննարկել են Միացյալ Նահանգների գործողությունները Պարսից ծոցում» եւ «պայմանավորվել շարունակել համակարգումը տարբեր ուղղություններով»։
Այս պայմաններում, ըստ CNN- ի, Իսրայելը այս շաբաթ Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ, ըստ որոնց՝ Իրանը պատրաստել է Դոնալդ Թրամփին սպանելու ծրագիր։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն արդեն իսկ պարբերաբար տեղեկություններ էր ստանում նախագահի հասցեին հնարավոր սպառնալիքների մասին։
CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը դեռեւս չի հասցրել ինքնուրույն ստուգել Իսրայելի տրամադրած տվյալները։
Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ Իսրայելի զեկույցը կարող է լինել վարչապետ Բենիամին Նեթանյահուի փորձը՝ ազդելու Սպիտակ տան որոշումների վրա եւ Դոնալդ Թրամփին դրդելու ակտիվացնել ռազմական գործողությունները։
Նախօրեին Անկարայում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Թրամփը լրագրողների հետ զրույցում, չի բացառել, որ կարող է դառնալ մահափորձի զոհ։ Նրա խոսքով՝ ինքը «Իրանի սպանության ցուցակի առաջին համարն է»։




