ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

«Ինձ համար հրադադարն ավարտված է». Թրամփի սուր արձագանքը Հորմուզի նեղուցի վերջին դեպքերին

Մերձավոր Արևելքում իրավիճակը փոփոխվում է ռազմական կտրուկ բախումներին և բարձր մակարդակի դիվանագիտությանը զուգահեռ։ Այս իրադարձություններն ուշագրավ են, քանի որ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական թելերն այս օրերին հատվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ այսօր՝ հուլիսի 8-ին, ավարտվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Ինձ համար այդ հրադադարն ավարտված է. ես այլևս չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ»․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը, որն արվել է չորեքշաբթի՝ կեսօրին, Անկարայում, նոր շրջադարձ է Մերձավոր Արևելքի դրամատիկ իրադարձություններում, որոնք ծավալվում են միաժամանակ և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանի շուրջը:

CNN-ը գրում է, որ Թրամփի այս հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները կրկին սկսել են աճել: Այս աշխարհաքաղաքական իրադարձությունների առանցքային հարթակներից մեկն  այս օրերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարան է, որտեղ ընթանում էր ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը:

Ինչի՞ց սկսվեց նոր սրացումը. վեճ Հորմուզի նեղուցում

Միջազգային առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատժիչ գործողությունների ռազմավարությունը քննարկել է իր թիմի հետ հենց Թուրքիայում լինելու ժամանակ։ CNN-ի լրագրող Քևին Լիպտակը գրում է․ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած առաջնորդների ընթրիքից առաջ Թրամփը հանդիպել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ՝ մշակելու պատասխան քայլեր»:

Ըստ Reuters–ի՝ այդ քննարկումներից  որոշ ժամանակ անց արդեն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածել է Իրանի ավելի քան 80 թիրախի:

Իսկ իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, գրում է, որ ամերիկյան հարվածներին ի պատասխան Իրանը հրթիռակոծել ԱՄՆ 85 ռազմական օբյեկտ Բահրեյնում և Քուվեյթում:

Թեհրանի արձագանքը

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում գրել է, որ նավթային պատժամիջոցների վերականգնումը, Իրանի հարավի վրա հարձակումներն ու նոր հարվածների մշտական սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա։ «Վախեցնելու և շանտաժի դարաշրջանն ավարտվել է։ Դա ոչնչի չի հանգեցնի։ Մենք չենք հանձնվի»,- գրել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր էսկալացիայի պատճառը Հորմուզի նեղուցի մերձակայքում  երեք առևտրային նավերի վրա իրանական հարձակումներն են։ Հունիսի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո Թեհրանը պահանջում էր, որ նավերն անցնեն իր վերահսկողության տակ գտնվող հյուսիսային երթուղով։ Ըստ այդմ՝ հարձակման են ենթարկվել այն նավթակիրները, որ նախընտրել էին օգտվել ԱՄՆ ռազմածովային ուժերով պաշտպանվող օմանյան ծովային ուղուց։

Այդ միջադեպից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկեց հունիսի 22-ին տրված ընդհանուր լիցենզիան, որը Թեհրանին թույլ էր տալիս նավթ և նավթամթերք վաճառել համաշխարհային շուկայում։ Վաշինգտոնը հուլիսի 17-ը վերջնաժամկետ սահմանեց նավթային բոլոր գործարքները դադարեցնելու համար։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտեց այս քայլը՝ որակելով շրջանակային համաձայնագրի խախտում։

Դիվանագիտական հեռանկարներ կամ երկխոսության մշուշոտ ապագան

Թրամփի կտրուկ հայտարարությունը Անկարայից հրադադարի փաստացի չեղարկման մասին մեծ կասկածի տակ է դրել հետագա բանակցությունների հաջողությունը՝ գրում են լրատվամիջոցները։ Միջազգային մամուլում և վերլուծական շրջանակներում այժմ ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք հրադադարն ընդհանրապես հնարավոր է պահպանել այս վերջին իրադարձությունների պայմաններում։

Հակառակ կողմերի՝ Իսլամաբադում հանդիպելու նախնական պատրաստակամությանը՝ լրատվամիջոցները շեշտում են, որ հրադադարի իրավական ու քաղաքական հիմքերն արդեն իսկ խարխլված են։ Տարածաշրջանի երկրները, փորձելով կանխել իրավիճակի անդառնալի վատթարացումը, շարունակում են միջնորդական թույլ ազդակներ հղել Վաշինգտոնին և Թեհրանին։ Այդուհանդերձ, Իսլամաբադի հանդիպումը, որը դիտարկվում էր որպես հակամարտության հետագա ընթացքը որոշող գլխավոր հարթակ, այժմ վերլուծաբանները համարում են խիստ անկայուն և ձախողման մեծ ռիսկեր պարունակող դիվանագիտական փորձ։

Կարդացեք նաև

Back to top button