
Հուլիսի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, և հուլիսի 12-ին՝ Երևանի սրտում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երաժշտասեր հանրությանը կներկայացվի «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու աշխարհին։
Նախագծի հեղինակն է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, որը ստեղծագործությունն իրականացրել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ։ Երաժշտական, գրական և տեսողական այս բազմաշերտ ստեղծագործությունը ոգեշնչված է Փարաջանովի ինքնատիպ ստեղծագործական աշխարհից։
Ներկայացման ընթացքում բեմ կբարձրանան ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչները՝ դիրիժոր Ռոլան Հայրաբեդյանի ղեկավարությամբ։ Ստեղծագործության երաժշտական հատվածը հիմնված է Փարաջանովի կինեմատոգրաֆիական մտածողության և ստեղծագործական տեխնիկաների վրա՝ անիմացիոն կոլաժներով, երգչախմբային հնչողությամբ և կոմպոզիտորի ձայնի ուղեկցությամբ։ Ներկայացման մեջ ներառված են Փարաջանովի ֆիլմերի վերնագրերն ու նամակները, ինչպես նաև Ժան-Լյուկ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հենց հեղինակի տեքստերը, որոնք հնչում են հայերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։
«Փառերգել Փարաջանովին» նախագիծը երաժշտության, խոսքի և տեսողական արվեստի միջոցով յուրահատուկ հարգանքի տուրք է Սերգեյ Փարաջանովին՝ արվեստագետ, որն ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»։



