Վայոց ձորի Արենի համայնքում բնակարանաշինության պետական աջակցության ծրագիրը ոչ միայն փոխում է բնակավայրի տեսքը, այլև դառնում է մարդկանց՝ իրենց գյուղերում մնալու կարևոր խթան։ Տասնյակ ընտանիքներ արդեն ապրում են նորակառույց տներում, իսկ հարյուրավորները սպասում են իրենց տների շինարարության ավարտին։ Բնակարանաշինության 16 միլիոն դրամի պետական աջակցության ծրագիրը տասնյակ բնակավայրերի է ուղղվում։ Դրանցից է Արենին, որի հարյուրավոր ընտանիքների սեփական տուն կառուցել և նոր էջ սկսել իրենց կյանքում։
«Անուշավան, ցեխն արդեն լցրե՞լ եք պայուսակների մեջ։
– Հա։
– Ամբողջությա՞մբ։
– Հա։
– Մալադցի»։
Ամեն օր Մանվել Գրիգորյանը շրջում է շինհրապարակներով, հետևում բնակարանաշինության պետական ծրագրի շրջանակում իր երեք որդիների համար տների կառուցմանը։
«Աշխատանքները ո՞նց են ընթանում։
– Շատ լավ։ Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք։ Մի պահ դադարեցրել էինք, որովհետև ուրիշ շինարարություն էլ էինք անում։ Հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք այս տան վրա, և երկու ամսից պատրաստ կլինի»։
Չորս երեխա ունեցող Միքայել Գրիգորյանի երեք զավակներն օգտվում են սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության աջակցության ծրագրից։Անցած տարի ստացած 16 միլիոն դրամ աջակցության շնորհիվ ընտանիքը միաժամանակ երեք տուն է սկսել կառուցել։ Մեկն արդեն ավարտվել է, երկուսում աշխատանքները շարունակվում են։
«Ես ունեմ չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա։ Մեր ընտանիքից երեքն արդեն դարձել են ծրագրի շահառու։ Անցած տարի դիմեցինք, ստացանք աջակցությունը և սկսեցինք շինարարությունը։ Այսօր երեք տուն ենք կառուցում․ մեկն արդեն ավարտել ենք, երկուսը դեռ ընթացքի մեջ են»։
Երեք անչափահաս երեխաների հայր Արմեն Առաքելյանը ևս զբաղված է իր ընտանիքի համար նոր տան կառուցմամբ։ Ընտանիքը ներկայում ապրում է Արտաշատում, սակայն շուտով մշտական բնակություն կհաստատի Արենիում՝ նորակառույց առանձնատանը։ Շինարարության հիմնական՝ ամենածանր փուլն ավարտված է։ Այժմ ներքին հարդարման աշխատանքներն են, և ընտանիքն անհամբեր սպասում է իր նոր տան դռները բացելուն։
«Այստեղ նախատեսված է խոհանոցը, սա հյուրասենյակն է, այստեղ՝ ննջասենյակները։ Մեկ ննջասենյակն ունի առանձին սանհանգույց, կա նաև ընդհանուր սանհանգույց։ Փորձել ենք այնպես նախագծել, որ տունը հարմարավետ լինի մեր ամբողջ ընտանիքի համար»։
«Մեր երազանքի տունն ենք կառուցում»։
«Մարիա՛մ, դո՛ւռը բաց, հյուրեր ունենք։
– Համեցե՛ք»։
Վարդանյանների ընտանիքն արդեն նշել է նորամուտը, և երկու փոքրիկների հետ ապրում է նոր տանը։ Ընտանիքը մեծ սիրով ու հոգատարությամբ է կահավորել տունը։ Սա պարզապես նոր բնակարան չէ, այլ երկար սպասված երազանքի իրականացում։
«Ապրում էինք ամուսնուս ծնողների հետ։ Այդ ժամանակ ես աշխատում էի բանկում։ Հենց այնտեղ էլ տեղեկացա բնակարանաշինության պետական աջակցության՝ 16 միլիոն դրամի ծրագրի մասին, քանի որ մեր բանկը նույնպես մասնակցում էր ծրագրի ֆինանսավորմանը։ Երբ տեղեկացա ծրագրի մասին, ամուսինս նույնպես արդեն տեղեկություն ուներ։ Քննարկեցինք ու որոշեցինք, որ անպայման պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մինչ ամուսնանալը ամուսինս ձեռք էր բերել այս հողատարածքը, բայց դեռ որևէ հստակ ծրագիր չունեինք։ Կարելի է ասել՝ հենց այս 16 միլիոն դրամի պետական աջակցությունն էր, որ մեզ հնարավորություն տվեց կյանքի կոչել սեփական տուն կառուցելու մեր երազանքը»։
Շահառուները նշում են՝ միայն դրամաշնորհով տուն կառուցելն այսօր գրեթե անհնար է։ Շինանյութերի թանկացման պատճառով ընտանիքները ստիպված են լինում ներդնել նաև սեփական միջոցներն ու աշխատանքը։
«Բայց եթե այդ աջակցությունը չլիներ, վստահ եմ՝ մենք այս շինարարությունը չէինք սկսի։ Այդ ծրագիրն էր, որ մեզ վստահություն ու խթան տվեց՝ որպես նորաստեղծ ընտանիք, սկսել սեփական տուն կառուցել»։
2025 թվականից Հայաստանում մեկնարկած բնակարանաշինության պետական ծրագրի շրջանակում ակտիվ աշխատանքներ են նաև Վայոց ձորի Արենի համայնքում։ Սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու համար նախատեսված 16 մլն դրամ աջակցության ծրագիրը նպատակ ունի ոչ միայն ապահովել ընտանիքներին նոր և հարմարավետ բնակարաններով, այլև նպաստել մարդկանց՝ իրենց համայնքներում մնալուն և սահմանամերձ գյուղերի ամրապնդմանը։ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյան.
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրի մեկնարկից հետո Արենի համայնքում բավական մեծ ակտիվություն է ձևավորվել։ Արենի բնակավայրում այս պահին տրվել է 297 շինթույլտվություն, Խաչիկում՝ 66։ 2026 թվականին ծրագիրը մեկնարկել է նաև Չիվա բնակավայրում, որտեղ նախատեսվում է կառուցել ևս 10 տուն։ Արենիում արդեն ունենք ավարտված և շահագործման հանձնված ավելի քան 60 տուն, որոնց մի մասն արդեն բնակեցված է։ Ընդհանուր առմամբ, սա ծրագիր է, որը սահմանամերձ համայնքների բնակչին պահում է իր գյուղում և նպաստում բնակչության ավելացմանը»։
Ծրագրի շահառուներից են ինչպես համայնքի բնակիչներ, այնպես էլ այլ բնակավայրերից տեղափոխվող ընտանիքներ։
«Արենի բնակավայրում հաստատված շահառուներից 217-ը տեղացիներ են, 80-ը՝ այլ բնակավայրերից։ Խաչիկում 60 շահառու տեղացի են, ևս 2-ը՝ այլ բնակավայրերից։ Չիվայում այս պահին հաստատված 14 շահառուներն էլ տեղացիներ են։ Ընդհանուր հաշվով՝ ծրագրի շահառուների մեծ մասը համայնքի բնակիչներն են, սակայն կան նաև ընտանիքներ Երևանից և հարակից մարզերից»։
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական ծրագրից այս պահին օգտվում է 2384 ընտանիք՝ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ծրագիրը նախորդ տարի դադարեցվել էր, այս տարի վերսկսվել է երեք խմբի շահառուների համար՝ փոքր-ինչ փոփոխված։
Առաջին խմբում այն շուրջ 500 քաղաքացիներն են, որոնք 2025-ի մայիսի 1-ի դրությամբ ունեցել են շինթույլտվություն, բայց այդ ժամանակ ծրագրի ժամկետը սպառվել է։
Երկրորդ ուղղությունը նոր շահառուների համար է ապահովելու ՝ ապահովելու այն համայնքների ավելի համաչափ զարգացումը, որտեղ միննչ այս ավելի քիչ թվով տներ են կառուցվել։
Երրորդ ուղղությունը Վայոց ձորի Գոմք բնակավայրի համար է։ Այստեղ կա դպրոց, սակայն աշակերտներ չկան։ Բնակավայր նոր բնակիչներ բերելու նպատակով ծրագիրը վերսկսվել է նաև Գոմքում, թեև այն սահմանամերձ չէ։
Ծրագրին մասնակցելու սահմանված են չափորոշիչներ՝ երեխաների թիվ, ընտանեկան կարգավիճակի և այլն։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակարանաշինության ծրագիրը ոչ միայն փոխում է գյուղերի տեսքը, այլև նոր շունչ է հաղորդում սահմանամերձ բնակավայրերին։
«Ծրագիրը գերազանց է։ Կատակով էլ եմ ասել՝ գյուղի մեջ նոր գյուղ է կառուցվում։ Հատկապես Խաչիկում յուրաքանչյուր նոր տուն կարելի է դիտարկել սահմանապահ մի փոքրիկ հենակետ։ Սա նպաստում է և՛ բնակչության ավելացմանը, և՛ ծնելիության աճին»։
Նոր բնակարանների կառուցմանը զուգահեռ համայնքում ենթակառուցվածքային լայնածավալ աշխատանքներ են՝ ուղղված խմելու և ոռոգման ջրագծերին, մանկապարտեզներին, դպրոցներին, ճանապարհներին ու կոյուղագծերին։ Այսօր համայնքում չկա բնակավայր, որն ամբողջությամբ ապահովված չլինի արտաքին լուսավորությամբ։



