
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Եկատերինբուրգում նա մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. արտադրություն առանց սահմանների» խորագրով լիագումար նիստին։ Հայաստանի վարչապետը բանախոսների շարքում էր։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Ռուսաստանը առաջին երկիրն էր, որտեղ աշխատանքային այց կատարեց Հայաստանի վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչև այդ նա այցելել էր միայն Թեհրան՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։
Նախընտրական շրջանում հայ–ռուսական սրված հարաբերությունների և փոխադարձ հեռակա կոշտ հռետորաբանությունից հետո վարչապետ Փաշինյանին Եկատերինգուրգում հենց ինքնաթիռի մոտ դիմավորեցին աղ ու հացով։
Հայաստանի վարչապետի այցի առիթը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն էր։ Բացի մասնակցությունից՝ նա հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ։ «Ինդուստրիա 360. արտադրություն առանց սահմանների» խորագրով լիագումար նիստին վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ և խոսեց Հայաստանի արդյունաբերության մասին։
2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է երկու անգամ՝ տեղեկացրել է Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ «Իննոպրոմ» ցուցահանդեսը ավանդաբար միավորում է կառավարությունների ղեկավարների, նախարարների, արդյունաբերության և բիզնեսի ներկայացուցիչների տասնյակ երկրներից։
Սա ցուցահանդեսի՝ հանրությանը երևացող հատվածն է։ Չերևացող հատվածի համար նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որտեղ ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին կնճռոտ հարցերը։ Փաշինյանն ու Միշուստինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ամռանը Ալթայում՝ միջազգային բնապահպանական համաժողովի շրջանակում։
Ուշագրավ է, որ Եկատերինբուրգի այցից առաջ՝ հուլիսի սկզբին տեղի ունեցավ Փաշինյան–Միշուստին հեռախոսազրույց հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ինչի՞ մասին էր հեռախոսակապը՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս վարչապետ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցի ժամանակ չցանկացավ խոսել։
Քանի դեռ հայտնի չէ, թե կողմերը ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերել դեմ առ դեմ հանդիպումից հետո, կապված հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այլ թվերի վրա․
«Ուշագրավ է, որ եթե 2021, 2022, 23 թվականներին Նիկոլ Փաշինյանը նվազագույնը հինգ–վեց անգամ տարվա ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այցելություններն ավելի մեծ քանակով էին։ Այս տարի միայն ապրիլ ամսին է Նիկոլ Փաշինյանը եղել է Ռուսաստանում, հանդիպել է Պուտինի հետ։ Սա երկրորդ այցելությունն է Ռուսաստան։ Ինքը փաստը, որ անհրաժեշտություն չկա կամ փոքրանում է Նիկոլ Փաշինյանի այցելությունների թիվը Ռուսաստան, ցույց է տալիս` որքան թուլացել է ազդեցությունը Ռուսաստանի ու կարևորությունը Հայաստանի համար։ Բայց այնուամենայնիվ, ընտրություններից հետո առաջին աշխատանքային այցը Նիկոլ Փաշինյանը կատարեց հենց Ռուսաստան»։
Սա չի նշանակում, սակայն, որ Հայաստանը փորձում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դեռ նախընտրական շրջանում և դեռ սրվող հարաբերությունների պայմաններում Նիկոլ Փաշինյանը ընտրողներին զգուշացնում էր և բառացիորեն հայտարարում, որ ՌԴ հետ հարաբերություններում կտրուկ գործողություններ չեն անելու։
Այն ժամանակ նա նույնպես թվեր էր ընդգծում․
«ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ, բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թ.–ից մինչև օրս ՌԴ նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել ա։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել։ Դա նշանակում է, որ այս 8 տարվա մեջ գրեթե ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ։ ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք, և մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Ռուսաստանը գերտերություն է, և Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվ ում։ Ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին»։
Ամեն դեպքում, նաև նախկինում ուղիղ շփումների ժամանակ Հայաստանի վարչապետը ռուսական կողմին զգուշացրել է, որ Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի բան չեն արել և չեն անի։
Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առաջին խնդիրը Հայաստանի կապերն են ԵՄ–ի հետ, ինչը Հայաստանը անվանում է տնտեսա–քաղաքական դիվերսիֆիկացիա։ Եթե որպես առաջին արձագանք Ռուսաստանը խնդիրներ է ստեղծել հայ արտադրողների համար, Հայաստանի վարչապետը իր վերջին ճեպազրույցում մեկ այլ օրինակ բերեց՝ վառելիքի շուկայում տիրող իրավիճակը և դեֆիցիտը Ռուսաստանում, որը չազդեց Հայաստանի վրա։
«Որ ասում էի` անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է, շատերից կախվածությամբ, ի՞նչ նկատի ունեի։ Տեսեք, աշխարհում ինչեր տեղի ունեցավ, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ։ Այն ինչ որ նախկինում տեղի էր ունենում, երբ որ ինչ–որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում, մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան մոնոպոլիաները վերացնելով»։
Հայ–ռուսական հարաբերություններում մյուս խնդրահարույց հարցը հայկական երկաթուղու հետագա ճակատագիրն է։ Այն դեպքում, երբ հայ վերլուծաբանների մի մասը պնդում է, որ կոնցեսիայի իրավունքը Ռուսաստանից պետք է վերցնել և փոխանցել մեկ այլ երրորդ կողմի՝ անհրաժեշտ ուղղությունների վերանորոգումն արագորեն իրականացնելու համար, Հայաստանի վարչապետն օրեր առաջ, ըստ էության, մերժեց այդպիսի կտրուկ քայլերի առաջարկները։ Հայկական կողմը արդեն սկսել է պրոցեսները, որոնք միտված են Գյումրի–Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը։ Երկաթգծի մյուս հատվածների մասով ռուսական կողմի հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են, վստահեցրել է վարչապետը։
«Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ինչպես կարող են, այդ թվում՝ մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով, միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Չի կարող այդպիսի բան լինել»։
Հայ–ռուսական հարաբերություններում կնճռոտ հարցերի ո՞ր հատվածը կողմերը կքննարկեն, դեռ հայտնի չէ, բայց Ռուսաստանի վարչապետը մինչև բուն հանդիպումը պատրաստակամություն հայտնեց քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ հանդիպման ավարտին որոշ հարցերի կոնկրետ լուծումներ կգտնվեն․
Հանդիպման ներածական հատվածում վարչապետ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը հետաքրքրված է ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ԵԱՏՄ մասնակցության ու կազմակերպության պայմանագրի բոլոր դրույթների պահպանման հարցում։




