ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Մշակութային ամենահզոր զենքերից մեկը՝ «Կապանֆեստը», կրկին Սյունիքի մարզկենտրոնում

Տասը օր շարունակ Կապանը կդառնա դասական ու ջազ երաժշտության մայրաքաղաք։ Աշխարհի 16 երկրներից ժամանած անվանի երաժիշտներ ելույթ կունենան Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում։ Արդեն չորրորդ անգամ Սյունիքի մարզկենտրոնում անցկացվում է «Կապանֆեստը», որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը բելգիահայ, կապանյան արմատներով թավջութակահար Սևակ Ավանեսյանն է։ Տարեցտարի ընդլայնվող փառատոնը ոչ միայն համախմբում է տարբեր երկրների ճանաչված երաժիշտների, այլև Կապանը վերածում միջազգային մշակութային հանդիպման հարթակի։


Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, անվանի դաշնակահար Մարիաննա Շիրինյանը արդեն չորրորդ տարին անընդմեջ հուլիսին Կապան է գալիս։ Խոստովանում է՝ մինչ այդ գիտեր Կապանի մասին, ծանոթ էր Սյունիքի պատմությանը, բայց երբևէ չէր պատկերացնում, որ կապանյան այցերին այսքան անհամբերությամբ կսպասի։

«Մենք չենք մտածել այդ ուղղությամբ։ Միշտ մտածել ենք՝ Սևան, Դիլիջան, ու կարծեսերկիրն այդտեղ էլ ավարտվում է։ Մեկ էլ տեսնում ես՝ ահա Սյունիքը, որտեղ կարող ես մարդկանց հետ միասինինչ-որ բան կառուցել։ Դա արդեն ուրիշ մասշտաբ է, ուրիշ հետաքրքրություն»։

Մարիաննա Շիրինյանին և աշխարհի 16 երկրների անվանի երաժիշտներին Սյունիքի մարզկենտրոն է բերել «Կապանֆեստը»։ Առաջիկա տասը օրերին Կապանը կապրի դասական ու ջազ երաժշտության ռիթմով՝ առաջարկելով դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական  գործակցություն ու երաժշտական նոր ձևաչափեր։ Փառատոնը մեկ հարթակում միավորում է տարբեր մշակութային ավանդույթներ ու երաժշտական դպրոցներ՝ Կապանը դարձնելով միջազգային ստեղծագործական երկխոսության կենտրոն։ Մարիաննա Շիրինյան։

«Կապանը բոլորս միասին դրել ենք աշխարհի քարտեզի վրա։ Եվ դա արել ենք մշակույթով։ Դա ամենամեծ զենքն է, որ մենք ունենք»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ թեև «Կապանֆեստը» համեմատաբար երիտասարդ փառատոն է, արդեն հասցրել է  հանրության կողմից սիրվել ու սպասվել։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն էլ վստահ է՝ ամենամյա փառատոնը ոչ միայն իր հարուստ բովանդակությամբ, այլև մասնակիցների աշխարհագրությամբ կդառնա յուրօրինակ մշակութային կամուրջ՝ նպաստելով նաև Կապանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

«Կապանֆեստի» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, բելգիահայ, կապանյան արմատներով թավջութակահար Սևակ Ավանեսյանը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հավատացել են փառատոնի տեսլականին՝ իրենց ներդրումն ունենալով այն կայացնելու և տարեցտարի զարգացնելու գործում։

«Ցանկացած մարդ, որ առաջին անգամ գալիս է փառատոնին, դառնում է մեր ընտանիքի անդամը և ամեն տարի ուզում է վերադառնալ։ Եթե այսպես շարունակվի, ապա երկու տարի անց կա՛մ նոր անուններ չենք ունենա, կա՛մ ստիպված կլինենք ընդլայնել փառատոնի ձևաչափը։ Այս տարի ունենք Կապանում կայացող 25 պրեմիերա։ Վստահ եմ՝ այդ երաժիշտներն էլ կդառնան մեր ընտանիքի անդամները և այլևս չեն ցանկանա հուլիսն անցկացնել առանց Կապանի փառատոնի»։

Մոցարտ, Բաբաջանյանի, Գրիգորաշ Դինիկու, Մորիս Ռավել և Աստոր Պիացոլա․ փառատոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու նրանց ստեղծագործությունները Հրաչյա Ավանեսյանի, Կարեն Շահգալդյանի, Մարիաննա Շիրինյանի, Արմեն Պուչինյանի, Ժուլիեն Լիբերի, Հայկ Կազազյանի, Աննա Սարկիսովայի, Էդուարդ Հրմուշյանի, ինչպես նաև առաջին անգամ Կապանում հյուրախաղերով հանդես եկող Իբեն Թայլմանի, Թոմաս Լունդստրոմի և Լոան Կազալի կատարմամբ։

Կապանի արվեստի քոլեջի նախկին տնօրեն Լիանա Հակոբյանը երգեհոնային դահլիճում վաղուց արդեն իր մշտական տեղն ունի՝ վերջին շարքում։ Ասում է՝ ամեն տարի անհամբեր սպասում է փառատոնին, իսկ այստեղ ձեռք բերած նոր ընկերների հետ շփումը շարունակում է նաև սոցիալական ցանցերում։

«Կարևոր է ու սպասելի։ Ինձ թվում է՝ փառատոնը ոչ թե պարզապես չորրորդ անգամ պետք է անցկացվի, այլ պետք է դառնա մշտական։ Կապանցին պատրաստ է նման երաժշտություն լսելու, ընկալելու, որովհետև այս մեծ արտիստների հետ շփումն ու նույն բեմը կիսելը քաղաքի համար նույնպես ճանաչում է բերում»։

Կիթառահար Էդուարդ Հրմուշյանը երկրորդ տարին անընդմեջ փառատոնի բեմում է։ Երիտասարդ երաժիշտը Սան Ֆրանցիսկոյից է, ասում է՝ մեծ հաճույքով է ելույթ ունենում հայտնի երաժիշտների հետ։

«Մեծ պատասխանատվություն է բեմը կիսել հայտնի անունների հետ, քանի որ դու նոր արտիստ ես։ Միաժամանակ դա մեծ հաճույք ու կարևոր փորձառություն է։ Իսկ Հայաստանի պարագայում կարևոր է զարգացնել ոչ միայն մայրաքաղաքը, այլև հեռավոր քաղաքներն ու գյուղերը։ Սա մեծ նշանակություն ունի ոչ միայն տեղի բնակիչների, այլև օտարերկրացիների համար, որպեսզի նրանք ճանաչեն այս քաղաքը և իմանան, որ այստեղ անցկացվում է նման բարձրակարգ միջազգային փառատոն»։

Բացի համերգներից՝ փառատոնի շրջանակում կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր ու վարպետության դասեր, որոնք երիտասարդ երաժիշտներին հնարավորություն են տալիս աշխատել և փորձ փոխանակել միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների հետ։

Իսկ «Կապանֆեստ 2026»-ը կեզրափակվի «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագրով։ Համերգից առաջ կանցկացվի վալսի ուսուցման դաս, իսկ կազմակերպիչներն արդեն նախապես զգուշացրել են՝ այդ օրը մուտքը միայն զույգերով, սմոքինգներով ու երեկոյան զգեստներով։

Դիմակահանդեսային մթնոլորտ, վիեննական վալս, պարային ծրագիր և ջազային կատարումներ․այսպես է «Կապանֆեստը» պատրաստվում փակել իր 2026-ի երաժշտական տոնը՝ Կապանից ևս մեկ անգամ մշակութային ուղերձ հղելով աշխարհին։

Կարդացեք նաև

Back to top button