
Արմավիրի մարզում ծիրանի բերքն այս տարի ավելի քիչ է, քան նախորդ տարի: Բերքահավաքը սկսել են մոտ 10 օր առաջ: Թեև իրացման հիմնական շուկան այս տարի դռները փակել է հայկական բնամթերքի առաջ, մարզում ծիրանի իրացման խնդիր չկա: Մյասնիկյան գյուղում ծիրանի գնորդներն հիմա ավելի շատ են: Իրացման գինն էլ անհամեմատ ավելի բարձր է՝ որակյալ ծիրանը 500-600 դրամ է, մանր ու ապրանքային տեսք չունեցող պտուղը՝ 300-450 դրամ: Մի շաբաթից բերքահավաքը կավարտվի:
Մյասնիկյան գյուղում ավելի քան 231 հա պտղատու այգիներ կան։ Դրանց գերակշիռ մասը ծիրանի այգիերն են: Այս տարի ծիրանի բերքատվությունը ցածր է: Ցուրտը, կարկուտն ու անձրևներն են պատճառը, պտղաթափությունն ավելի շատ է եղել ՝ ասում է Մյասնիկյանի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանը:

«Ծիրանի փոշոտման սեզոնին հիմնականում անձրևներ էին, նաև՝ մի պահ ցուրտն էլ խփեց: Սկզբնական շրջանում աչք չէր ծակում, որ ցրտահարությունը շատ է, բայց հետո մայիսյան պտղավիժման ժամանակ ծիրանը շատ թափվեց, դեղնեց, թափվեց: Ցուրտը վախեցրել էր ծիրանին: Անցած տարվա համեմատ այս տարի ծիրանի բերքը 1/3-ի չափով է»:
Արմավիրի մարզում ծիրանի բերքահավաքը սովորաբար սկսվում է հունիսի սկզբին ու ավարտվում ամսվա վերջին: Բայց այս տարի ավելի ուշ սկսեցին, քանի որ եղանակի պատճառով գյուղատնտեսական տարին հետ էր ընկել:

«Անցած տարիների համեմատ ծիրանն այս տարի շատ ուշ հասավ ու մի 10-15 օրվա տարբերություն տվեց: Սովորաբար մինչև հունիսի 20-25 կամ մինչև հուլիսի 1-ը ծիրանի բերքահավաքից պրծնում էինք, բայց հիմա նոր է սկսվել»:
Բերքը քիչ է, գնորդները՝ շատ, իրացման խնդիր չունեն։ Դաշտերում հիմա շատ գնորդներ կան։ Գալիս են նաև Վրաստանից: Վաճառքի գինն էլ է բարձր. որակյալ բերքը վաճառում են 500-600 դրամով, իսկ ապրանքային տեսք չունեցող ու մանր բերքը՝ 300-450 դրամով:
Հովհաննես Անտոնյանը Վրաստանի Ծալկայի շրջանից էր եկել Մյասնիկյան: Նախընտրել էր էժան գնով հասած ծիրան գնել:

«Առավոտյան եմ եկել ծիրան գնելու,Վրաստան եմ տանելու: Հասած ծիրան եմ առել 300 դրամով: Մի մասը տան համար եմ տանում, մի մասը՝ վաճառքի»:
Այս այգու ծիրանն ավելի էժան է, քանի որ բերքն այնքան էլ առողջ չէ, կարկուտն է վնասել: Կարկտահարվել էր նաև Վրեժ Մինասյանի այգին:
«Շատ ուժեղ կարկուտ չի եղել, բայց որակի վրա ազդել է, կոնկրետ՝ իմ դաշտի վրա: 6000 քմ ծիրանի այգի է, անցած տարի մկների կրծելուց հետո ահագին ծառ չորացել է: Մնացած ծիրանի ծառից ես մի 330 կգ վաճառել եմ 400 դրամով, որովհետև որակը՝ որակ չէր»:

Իսկ ընդհանուր առմամբ, այս տարի ծիրանն ավելի լավ գնով է վաճառվում՝ 1 կգը 500-600 դրամ: Ասում են՝ այդպիսի գին վերջին տարիներին չի եղել: Հասմիկ Հակոբյանն էլ 400-450 դրամով է վաճառել ծիրանը և դժգոհ չէ:
«Անցած տարվա համեմատ կրկնակի քիչ էր մեր բերքը, բայց ունեցել ենք, եթե նկատի ունենանք, որ մյուս վայրերում բերքը կարկուտն ու ցուրտը տարել էր: Օրինակ՝ Քարակերտում ծիրան չկա, Արագածում և Արտենիում՝ նույնպես, ցուրտը տարել է: Մերը, փառք Աստծո, չի տարել, բայց բերքատվությունն է քիչ, որովհետև եղանակները սառն էին»:
25 տարվա ծիրանենիների պտուղն այս տարի ավելի մանր է, քան առաջին անգամ բերքի կանգնած ծառերինը: Նորատունկ այգու պտուղն ավելի խոշոր է, բայց դեռ չի հասել:
Այգիներում մնացած բերքից չիր են պատրաստում, վաճառում կամ փոխանակում են այլ բնամթերքի հետ Շիրակի ու Արագածոտնի մարզերում՝ ասում է Մյասնիկյանի վարչական ղեակավար Վրեժ Մինասյանը:
«Կանաչոտ ծիրանը թողնում ենք, չիր ենք սարքում, իսկ հասածները տանում ենք Գյումրու գյուղեր՝ ծանոթ-բարեկամներին ենք տալիս, փոխանակում բնամթերքով՝ 1կգ-ը 300-400 դրամով »:
Մյասնիկյանում ծիրանի բերքահավաքը կավարտի մոտ մեկ շաբաթից։




