
ՀՀ կառավարությունը հաստատել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգն ու չափորոշիչները։ Որոշմամբ հստակեցվել են կառույցների գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները, վկայականների տրամադրման, ժամկետների և դրանց դադարեցման կարգը։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանում, հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավարար չէ մեծ թվով և բարձր վճարողունակությամբ ճանապարհորդների պատշաճ սպասարկելու համար։ Նոր կարգավորման նպատակն է ապահովել տարածքային համաչափ զարգացում, պահպանել ու հանրահռչակել զբոսաշրջային ռեսուրսները և դիվերսիֆիկացնել տեղական արդյունքը։
Բարեփոխումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն սերտորեն համագործակցելու է որակավորված կազմակերպությունների հետ։ Յուրաքանչյուր կենտրոնի համար մշակվելու է կառավարման հատուկ պլան, իրականացվելու է ծրագրերի արդյունքների կանոնավոր մշտադիտարկում։
Կենտրոնացված ու համակարգային կառավարման շնորհիվ կապահովվի մատուցվող ծառայությունների կենսակայունությունը։ Արդյունքում մարզերում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչը կբարելավի տեղի բնակչության կենսամակարդակն ու բարօրությունը։




