
Երևանում կայացել է Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը կազմակերպում և անցկացնում է այս հեղինակավոր մրցաշարը՝ նպաստելով սպորտի և առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև մայրաքաղաքի մարզական հեղինակության ամրապնդմանը։
Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 երկրի 318 մարզիկ, ինչի շնորհիվ Երևանը հերթական անգամ դարձել է միջազգային մարզական կարևոր հարթակ։
Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հարգելի՛ մարզիկներ, ըմբշամարտը մշակույթ է և մեկ մեծ ընտանիք, իսկ դուք՝ այդ մեծ ընտանիքի լիիրավ անդամներ։ Հաջողություն ձեզ, մեծ էներգիա, նպատակներին հասնելու համառություն, արժանավոր հակառակորդներ և արժանի հաղթանակներ»,-նշել է քաղաքապետը:




