ԿարևորՔաղաքական

Ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո Ալիևը հայտարարել է ԵՄ-ի հետ «դինամիկ երկխոսության» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքու ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև «դինամիկ երկխոսություն» է ընթանում։

Լրատվամիջոցների համար արված համատեղ հայտարարությունում կողմերն անդրադարձել են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրներին։

Ալիևը նշել է, որ ակտիվ երկխոսությունն արտացոլում է Բրյուսելի և Բաքվի փոխադարձ ձգտումը՝ խորացնելու համագործակցությունը, Հարավային Կովկասում Եվրամիությունը մնում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերը ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։ 

«Մենք ունենք Global Gateway անվանումով ծրագիր և կհատկացնենք 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ՝ Կովկասում կապուղիների զարգացման նախագծերը խթանելու համար, ինչը ճանապարհ կհարթի դեպի 2 միլիարդ եվրոյի պոտենցիալ ունեցող ապագա։ Խոսքը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների մասին է։ Խոսքը նաև դեպի Նախիջևան տանող երկաթգծի, նախագծերի իրականացման և Բաքվի նավահանգստի զարգացման մասին է»,- ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև առաջարկել է Բաքվում կազմակերպել տարածաշրջանային կապի վերաբերյալ համաժողով, որը կմիավորի ԵՄ-ն, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան։

Ադրբեջանից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան։

Տես նաև՝ ԵՄ ղեկավարի այցը Հարավային Կովկաս. առաջին կանգառը Բաքուն է, հաջորդը՝ Երևանը

Կարդացեք նաև

Back to top button