ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

ԱՄՆ-ում ծնված երեխան ԱՄՆ քաղաքացի է․ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի նախաձեռնությունը և վերահաստատել Սահմանադրության պահանջը

ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է օտարերկրացիների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն չտալու նախագահի նախաձեռնությունը։ Դոնալդ Թրամփը փորձում էր քաղաքացիությունից զրկել այն երեխաներին, որոնց ծնողները ԱՄՆ-ում ժամանակավոր են բնակվում կամ ապրում են առանց օրինական թույլտվության։ 2025-ին նա հատուկ հրամանագիր էր ստորագրել։

Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի կարծիքով՝ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը, որը քաղաքացիություն է երաշխավորում ԱՄՆ տարածքում ծնված գրեթե բոլոր անձանց։

ԱՄՆ գերագույն դատարանը պաշտպանեց ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Դատարանը մերժեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025-ի հրամանագիրը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես գտնվող անձանցից ծնված երեխաները չեն կարող դառնալ Միացյալ Նահանգների քաղաքացի:

«Ճիշտ է»։

«Սահմանադրությունն է որոշում։ Եվ ժողովուրդը պաշտպանել է Սահմանադրությունը»։

«Միացյալ ժողովուրդը երբեք չի պարտվի»։

Այս բովանդակությամբ պաստառներով բազմաթիվ միգրանտներ էին հավաքվել ԱՄՆ գերագույն դատարանի առջև։

Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլյան արդարացնում է դատարանի որոշումը․

«Այս գաղափարը գալիս է ավելի քան հարյուր տարի առաջ։ Եվ Սահմանադրությունը չէր կարող ավելի հստակ ասել դրա մասին։ Եթե Դուք ծնվել եք Միացյալ Նահանգներում, Դուք քաղաքացի եք, և վերջակետ։ Այսօրվա որոշումը նաև հարգանքի հարց էր։ Հարգանք այն մարդկանց նկատմամբ, որոնք սերունդների ընթացքում եկել են այս երկիր, ինչպես իմ ծնողները։ Նրանք եկել էին Մեքսիկայից՝ ամերիկյան երազանքի հետևից»։

Դատարանի որոշումից ուրախացած ԱՄՆ-ում ժամանակավոր կամ անօրինական գտնվողները վանկարկում էին․

«Ցույց տվեք ինձ, թե ինչ տեսք ունի ժողովրդավարությունը։ Ահա, թե ինչ տեսք ունի ժողովրդավարությունը»։

Դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով է վերահաստատել, որ ԱՄՆ-ում ծնված անձինք, որոշ բացառություններով, այդ երկրի քաղաքացի են՝ անկախ ծնողների կարգավիճակից։

Հյուսթոնում բնակվող ներգաղթյալ կնոջը այս որոշումը հույս է տալիս, որ իր երեխաները չեն արժանանա այն ճակատագրին, որ ինքն է ունեցել․

«Կարևոր է, որ իմ երեխաները կարգավիճակ ունենան, քանի որ ես չեմ ուզում, որ նրանք անցնեն ներգաղթի այն գործընթացներով, որը ես անցնում եմ մանկությունից։ Այսպես, դատարանի այս որոշումը կայունություն է տալիս նաև իմ երեխաներին»:

ԱՄՆ նախագահը մինչդեռ հիասթափված է Գերագույն դատարանի այս որոշումից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարցը կարող է վերանայել Կոնգրեսը՝ նոր օրենք ընդունելով։

AP գործակալությունը ներկայացնում է դատավորի հիմնավորումը․

«Դատավոր Ջոն Ռոբերտսն ասաց, որ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը, որ ընդունվել է քաղաքացիական պատերազմից հետո և նախատեսված է քաղաքացիություն տալու նախկինում ստրկացված մարդկանց, քաղաքացիություն է տրամադրում նաև այս երկրում ծնված գրեթե յուրաքանչյուրին։ Բացառություններ են, օրինակ, դիվանագետների երեխաները»։

Միջազգային մամուլը հիշեցնում է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիություն չտրամադրելու մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր նախագահության երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը։

Նախագահի և նրա վարչակազմի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ ամերիկյան հողում ծնված յուրաքանչյուրին քաղաքացիություն տրամադրելը խթանում է անօրինական ներգաղթը և, այսպես կոչված, «ծննդաբերական տուրիզմը»։ Դա պրակտիկա է, որով օտարերկրացիները գնում են Միացյալ Նահանգներ այդ երկրում երեխա ունենալու և այդ երեխաներին ամերիկյան քաղաքացիություն ապահովելու համար։

Կարդացեք նաև

Back to top button