ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ճշտապահ Գերմանիայի ուշացող գնացքները, անհաղթահարելի տապն ու սառը սուրճի դեֆիցիտը․ զբոսաշրջային նոթեր Բոննից

Առաջինն, ինչ նկատում է Գերմանիա առաջին անգամ այցելած զբոսաշրջիկը, մեծ քաղաքներում երկաթուղային կայարանների ու տաճարների՝ կողք կողքի ու կենտրոնում գտնվելու հանգամանքն է։ Անմիջապես այցելում է տրամաբանական հաջորդ միտքը՝ որքան հեշտ կլինի կայացած երկաթուղային ենթակառուցվածք ունեցող երկրում գնացքով երթևեկելն ու տարբեր քաղաքներում, կենտրոնից չհեռանալով, հնարավորինս շատ բան տեսնելը։

Երբ կանգ ես առնում Բոննում, ընդամենը երեք տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քյոլնն առաջին գայթակղություններից է։ Համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող գոթական վեհաշուք տաճարն ընդամենը կես ժամվա հասանելիությամբ է, և րոպեներ անց գնացքով մեկօրյա ճամփորդության տոմսը՝ արդեն գրպանումդ։

Կեսգիշերային անակնկալ կամ կայարանի «գուժող ձայնը»

Կեսգիշերին մոտ, հիացած ու հոգնած, Բոնն վերադառնալու ժամանակն է, բայց գերմանական ճշգրտությամբ քեզ Քյոլն հասցրած գնացքն այս անգամ անորոշ ժամանակով ուշանում է։ Կայարանի «ձայնը» գերմաներով գուժում է․ ուշացումը գուցե մեկ ժամ, գուցե ավելի երկար տևի։ Կայարանում սպասող տեղացիների շարքերն արագորեն նոսրանում են, իսկ զբոսաշրջիկներն անորոշության մեջ են՝ ստիպված են փնտրել նոր հյուրանոց կամ մեկնակետ քաղաքի հյուրանոց հասնելու այլընտրանքային ուղիներ։ Այդ օրը՝ հունիսի 23-ին, Բոննից եկած զբոսաշրջիկներիս բախտը ժպտաց․ քաղաքները կապող մետրո–գնացքը կեսգիշերին մոտ հասավ Քյոլն ու մի քանի անգամ դանդաղ, բայց ապահով դրսում մնացածներիս հասցրեց նախկին մայրաքաղաք։ Այլընտրանքն այս դեպքում  գերթանկ տաքսին էր։

Գերմանիան հունիսի վերջին օրերին բախվեց տրանսպորտային կոլապսի, որը ոչ առաջինն էր, ոչ էլ, թերևս, վերջինը։ Գնացքների «շաթդաունի» պատճառն այս անգամ GSM-R–ի խափանումն էր։ Այլ խոսքով՝՝ ծրագրային խնդիր էր ծագել, և «երկաթուղային համայնքը»՝ գնացքավարները, կորցրել էին ներքին կապը։ Ու դա համագերմանական բնույթ էր կրում։ Ազգային փոխադրող «Deutsche Bahn»–ի գնացքները կանգ էին առել ոչ միայն Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիայում․ կոլապս էր նաև մյուս երկրամասերում, և արտակարգ այս իրավիճակի մասին  րոպեներ անց պետք է գրեին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները։

Առաջնային խնդիրը մարդկանց ճանապարհին մնացած վագոններից դուրս բերելն էր, ինչն էլ անում էին ընկերության ներկայացուցիչները։ Հաջորդ փուլով վաուչերներ տրամադրվեցին  տուժած ուղևորներին հյուրանցում ապրելու և տաքսիով տուն հասնելու համար։ Համագերմանական խափանումը տևեց մոտ երեք ժամ, Deutsche Bahn ընկերությունն էլ ներողություն  խնդրեց իր ուղևորներից տեղի ունեցածի համար։

Աննախադեպ կոլապսը նախադեպեր ունեցել է

Գերմանական լրատվամիջոցները նման մասշտաբի խափանումն անվանում էին աննախադեպ, հիշեցնում, որ 2022 թվականի հոկտեմբերին ևս  գնացքները համատարած կանգ էին առել։ Այն ժամանակ հետաքննությունը պարզել էր, որ պատճառը կաբելային սարքավորումների միտումնավոր վնասումն էր։ Ինչպես գրում է Reuters–ը, Deutsche Bahn շատ հաճախ է բախվում սաբոտաժների ու կոնցեռնի կառավարման համակարգը պարալիզացնելու փորձերի։ Մասնագետներն էլ պնդում են, որ ազգային փոխադրողը բավարար ջանքերի չի գործադրում սեփական ենթակառուցվածքը պաշտպանելու համար։ Գլխավոր երկաթուղային փոխադրողի ոչ պունկտուալության մասին անգամ պունկտուալ գերմանացիներն են  կատակում։

Սակայն Գերմանիայի իշխանությունները կատակելու առիթ չեն տեսնում․ տրանսպորտի նախարար Պատրիկ Շնիդերն անցյալ տարի աշխատանքից հեռացրել է ազգային երկաթուղային փոխադրողի տնօրենին։ Գերմանական կառավարությունում կարծում են, որ երկաթուղու վիճակն ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը, քանի որ քաղաքացիները կորցնում են հավատը խնդիրները լուծելու՝ իշխանությունների ունակության նկատմամբ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ մտածեն, թե մենք չենք կարող լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են հին կամուրջներն ու անվերջ ուշացող գնացքները»,–ասել է նախարարը։

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր չորրորդ գնացքը Գերմանիայում ուշացումով է երթևեկում։ 2024 թվականին գնացքների միայն 63%–ն է ժամանակին (ավելի ստույգ՝ մինչև վեց րոպե ուշացումով) մեկնել։ 2025–ին այս թիվը հասել է 60%–ի, և դա համարվել է պատմական նվազագույն։

Թեև երկիրն ունի Եվրոպայում խոշորագույն երկաթուղային ցանցը, սակայն այն արդեն խիստ հնացած է։ Ըստ Financial Times–ի Գերմանիայի իշխանությունները պատրասվում են ավելի քան 100 միլիարդ եվրո ծախսել համակարգն արդիականացնելու համար։ Բայց դա անելն այդքան էլ հեշտ չէ․ վերանորոգումն էլ ավելի է ծանրաբեռնում  առանց այդ էլ դժվարությամբ գործող ենթակառուցվածքը։ Այնուամենայնիվ, աշխատանքներ տարվում են։ Մինչև այս տարեվերջ Deutsche Bahn–ը մտադիր է վերանորոգել մինչև 900 կիլոմետր երկաթուղի։

Կոլապս՝ «բոնուսով» կամ խափանում + անոմալ շոգ

Այս տարվա հունիսյան երկաթուղային կոլապսը Գերմանիայում համընկավ ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետ, և խափանումների  հնարավոր պատճառների թվում նշվում էր նաև շոգը։ Ու եթե տրանսպորտային կոլապսին դիմակայելու ուղիներ, այնուամենայնիվ, գտնել հնարավոր է, շոգի պարագայում դա գրեթե անհնար է։ Օդորակիչներ չկան բազմաթիվ տներում, հյուրանոցներում, անգամ հիվանդանոցներում ու մանկապարտեզներում։

Verivox պլատֆորմի պատվերով անցկացված հարցումները վկայում են, որ օդորակիչներ կան հարցված գերմանացիներից ընդամենը 6 %–ի բնակարաններում։ Մինչև վերջերս դրանց կարիքը պարզապես չի եղել, Գերմանիայում տների մեծ մասը հարմարեցված են ցուրտ ձմեռների, բայց ոչ շոգ ամառների համար, և օդորակիչներին շատերը վերաբերվում են որպես շքեղության։ Վերջին տարիների անոմալ շոգերի ֆոնին առաջ է եկել Գերմանիայի «զովացման» թեման․ Կանաչների կուսակցությունը պահանջում է իշխանություններից զանգվածաբար օդորակիչներ տեղադրել, քանի որ շոգից մահվան դեպքեր են արձանագրվել։

Երևանյան տապին սովոր զբոսաշրջիկի համար գերմանական անոմալ շոգին գուցեև տանելի թվար, եթե չլիներ սառը ըմպելիքների բացակայությունը․ սառնարաններն ի զորու չէին այդքան հեղուկ սառեցնել, ու սառույցով սուրճի պակասը երբեմն ավելի անհաղթահարելի էր թվում, քան երկաթուղային կոլապսը։

Կարդացեք նաև

Back to top button