ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում

Հայաստանում ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար առաջարկվում է սահմանել վերջին մեկ տարում առնվազն 183 օր երկրում փաստացի գտնվելու պահանջ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է համահեղինակ, պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ըստ նախագծի՝ բնակությունը հաշվարկվելու է քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ։ Սահմանափակումից բացառություն կկազմեն այն քաղաքացիները, որոնց բացակայությունը պայմանավորված է եղել արտերկրում հանրային ծառայության անցկացումով կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելով։ Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներն են պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արուսյակ Մանավազյանը։

 Զեկուցողի խոսքով նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարեւորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլեւ՝ բովանդակային կողմը: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են օրենքի հեղինակների կողմից. նախագիծը լրամշակվել է:

Նախագծերի փաթեթի հարակից զեկուցումը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են էապես տարբերվող պատկերացումներ ունենալ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի ու ներքին զարգացումների վերաբերյալ, ուստի նաեւ հիմնավոր է համարել նոր կարգավորումների սահմանումն ու խնդրել  բացառությունների ցանկում ներառել նաեւ առողջապահական նպատակներով արտերկրում գտնվելու հանգամանքը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Հայաստանի քաղաքական կյանքը տարածվում է ՀՀ տարածքում, ուստի կարեւոր է, որ ընտրելու իրավունք ունենան անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական կյանքին ու կարող են ընտրություն կատարելուց հետո նաեւ օգտագործել վերահսկողական բոլոր գործիքներն ու հետեւել ընտրության արդյունքներին»,- ասել է ՆԳ նախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:

Կարդացեք նաև

Back to top button