
Բաղրամյան համայնքի բնակավայրերի մեծ մասում ծորակից ջուր չեն խմում: Բնակիչների կենսական պահանջը բավարարում են շրջիկ ցիստեռնները: Ջուրը բերում են Թալինի կարգավորիչ ջրամբարից: Երբեմն վաճառում են թաղամասերով շրջելով, երբեմն՝ ջրի վաճառքի սարքերով: Այս իրավիճակն է արդեն մի քանի:
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչները դժվարությամբ են հիշում՝ ե՞րբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել: Դա հիշում են միայն տարեցները: Գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ վերջին անգամ Արագածի սառնորակ ու քաղցրահամ խմելու ջուրը ծորակներից հոսել է գրեթե 50 տարի առաջ:

«Կոմունիստական համակարգի ժամանակ, ջուրը որ գալիս էր, 60 կմ ճանապարհ էր անցնում: Ալագյազ սարից գալիս էր Հակճի, Գառնահովիտ ու այդպես գյուղերո՜վ հասնում էր մինչև Դալարիկի կիրճը: Հետո փլուզվեց, շատերը խողովակները գողացան, ու էլ համակարգը չաշխատեց: Երևի, տասը տարուց ավելի ջուր ունեցանք, 1960-ականներից սկսեցին տալ»:
Խմելու ջուրը շատ հեռվից է Քարակերտ հասել, բայց ճնշումը միշտ բարձր է եղել: Ջուր են ունեցել նաև բարձրահարկ շենքերի վերին հարկերի բնակիչները: Հետագայում մարդիկ ստիպված են եղել ջուր գնել շրջիկ ցիստեռներից՝ մեկ լիտրը 7-8 դրամով: Ջուրը բերում են Թալինի օրվա կարգավորիչ ջրամբարից:

«Ցիստեռններից ջուրն առնում ենք 40-50 տարի ավելի: Մի ջրի ամանը 4 դույլ ջուր է տանում, 300 դրամ ենք վճարում»:
«Ես ինչ ինձ հիշում եմ՝ փոքր ժամանակվանից ջուրն առնում ենք: էլի ցիստեռնով բերում են, ջուրն առնում ենք: Ֆլյագեն 400 դրամ, 300 դրամ: Անձով մենք քիչ ենք՝ 3 հոգի ենք, մի 4 օրը մեկ մի ֆլյագա առնում ենք»:
Ցիստեռնից վաճառվող ջրի գինը բնակավայրերում տարբեր է՝ կախված ջրի աղբյուրի հեռավորությունից ու վառելիքի ծախսից: Բարձրադիր գյուղերում ավելի թանկ են վաճառում: Արգինայի բնակիչ Գագիկ Օհանյանն ասում է, որ իրենց գյուղում 40 լ ջուրը 400-500 դրամով են գնում:

«Ամեն անգամ 2 ֆլյագա ջուր ենք առնում, շաբաթը մի 4 ֆլյագա ջուր ենք առնում: Ուղղակի թանկացել է՝ 400-500 դրամ է մի ֆլյագը, շաբաթը 2000 դրամ միայն ջրին ենք տալիս»:
Քարակերտցիները կենցաղային խնդիրները լուծել են արտեզյան հորի ջրով, սակայն խորքային հորի պոմպը հաճախ խափանվել է և բնակիչները ստիպված են եղել դարձյալ ցիստեռնից գնել արտեզյան հորի ջուրը: Խմելու ջրի խնդիրը 2000-ականների սկզբին փորձեց լուծել հայ-գերմանական«Նոր Ակունք» ընկերությունը: Մի շարք բնակավայրերում խմելու ջրի համակարգը ապակենտրոնացրին՝ հիմնվելով տեղի արտեզյան ավազանի վրա: Հիմա այդ բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում կա, սակայն այդ ջուրը չեն խմում:
«Արտեզյան ջուր ունենք, դրանից դժգոհ չենք, օրվա մեջ քանի ժամ գալիս է, ոչ մեկս էլ դժգոհ չենք, բայց խմելու չէ: Եթե մեքենայի մեջ լցնում ենք, ամբողջ սարքավորումներն ապականում է: Աղեր է կուտակում: Եթե մի ամիս խմես, ապա երկրորդ ամսում երիկամային հիվանդություն կունենաս: Եթե ջուրը 2 օր մնում է դույլի մեջ, ապա տակն ա՜յ այսքան աղի նստվածք է առաջանում»:
«Խմելու նորմալ ջուր չի, աղի է: Նույնիսկ ծառերն էլ ջրում ենք՝ չորանում են»:

Ցիստեռնով հիմա էլ են քարակերտցիներին ջուր մատակարարում։ Սակայն ժամանակի հետ փոխվել է մատակարարման ձևը: Գյուղում ջրի վաճառքի սարքերեր են տեղադրել ու ցիստեռնի մոտ էլ հերթեր չեն առաջանում՝ ասում է Գրիգորի Ռաիսյանը:
«Թալինի ջուր ենք խմում: Տես, ցիստեռնը հիմա գնաց, այնտեղ կանգնեց: Հիմա կոպեկը գցում ենք սարքի մեջ ու ջուր գնում: Առաջվա վրա հիմա լավ է, քանի որ գնում, կանգնում էինք հերթի ու դույլերով ջուր գնում: Հիմա լավ է, երբ ուզում ես, գնա դրամը գցի, ջուրը լցրու, տար: Առաջ մեքենայի բարձր ազդանշանը հնչեցնում էր, երեխեքը քնած էին լինում, արթնանում, դույլերն առնում ու վազում էին՝ էս իմ դույլն է, ձյաձյա իմը լից, վա՜յ, իմ դույլն ո՞ւր է, կորավ իմ դույլը…»:

Քարակերտում հիմա ջրի վաճառքի 6-7 սարք կա: Այդպիսի սարքեր կան նաև այն բնակավայրերում, որտեղ նույնպես ծորակից հոսող ջուրը չեն խմում ու ապավինում են տարիներով չախտահանվող, չլվացվող սարքերին:




