ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ռուսաստանը վերսկսում է արգելված բենզինի արտադրությունը․ երկրում օրեցօր խորանում է վառելիքային ճգնաժամը

Անցած գիշեր ռուսական ուժերը 419 ուկրաինական անօդաչու սարք են խոցել՝ հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՏԱՍՍ գործակալությունն էլ տեղեկացնում է, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում ուկրաինական հարվածներից 42 մարդ է սպանվել, վիրավորվել են 327-ը։ Բացի այդ՝ ուկրաինական հրթիռակոծությունների պատճառով Ռուսաստանի որոշ մարզերում բենզինի ու դիզվառելիքի խիստ պակաս է զգացվում։ Լցակայաններում հերթերից խուսափելու համար վառելիքը վաճառում են գրաֆիկով՝ ըստ պետհամարանիշների։

Ռուսաստանի կառավարությունը կարող է թույլատրել «Եվրո» մակնիշի բենզինի արտադրությունը, որն արգելված էր 2013 թվականից: Դաշնության 80-ից ավելի շրջաններում վառելիքային ճգնաժամ է սկսվել։ Պատճառը նավթավերամշակման գործարանների ուկրաինական հրթիռակոծությունն է։

Վառելիքի դեֆիցիտը մեղմելու համար Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի արտադրությունը թույլատրելու հարցը։ Ենթադրվում է, որ այդ վառելիքը կթույլատրվի նաև ներմուծել ու վաճառել ներքին շուկայում մինչև 2027 թվականի հուլիսը։

«Կոմերսանտ»–ը գրում է, որ ըստ որոշման նախագծի՝ բենզինի արտադրության համար կթույլատրվի մինչև 3 % մեթանոլի պարունակությունը։

Բացի այդ՝ ներմուծվող վառելիքը կազատվի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերից:

Գործող ստանդարտով՝ Եվրո-5 բենզինում ծծմբի պարունակությունը չի կարող գերազանցել 1 կգ-ում 10 մգ-ը, մինչդեռ Եվրո-2 վառելիքի դեպքում այդ թիվը 1 կգ-ի համար հասնում է 500 մգ-ի։ Այդ պատճառով էլ Եվրո-2 տեսակի բենզինի արտադրությունը և վաճառքը Ռուսաստանում արգելված է 2013 թվականից:

Ավելի ցածր չափանիշներին անցումը թույլ կտա նավթը օգտագործել առանց խոր վերամշակման։ Դա իր հերթին հնարավորություն կտա գործարկելու ցածրորակ վառելիք արտադրող հզորությունները։ Մասնագետների կարծիքով՝ դա կարող է ամսական մի քանի հարյուր հազար տոննայով ավելացնել բենզինի արտադրությունը, բայց քիչ հավանական է, որ լիովին փոխհատուցի կորցրած ծավալները:

Մասնագետները զգուշացնում են, որ ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասի համար Եվրո-2 վառելիքի օգտագործումը կարող է վտանգավոր լինել, թեև Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում դեռևս շատ փոխադրամիջոցներ կան, որոնք նախատեսված են ցածրորակ վառելիքի համար:

Արդյո՞ք բենզինի դեֆիցիտը շրջադարձային կետ կդառնա ռուս–ուկրաինական պատերազմում․ այս հարցը ակտիվորեն շրջանառվում է միջազգային մամուլում։

Reuters-ը գրում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի շրջանները հայտնվել են վառելիքի ամենալուրջ ճգնաժամի մեջ։

Մոսկվայի «Կապոտնյա» նավթավերամշակման գործարանը, որը մատակարարում է Ռուսաստանի մայրաքաղաքի վառելիքի մոտ 40 %-ը, չի շահագործվի մինչև 2026 թվականի վերջը կամ 2027 թվականի սկիզբը։

Reuters-ի տվյալներով՝ բենզինի արտադրությունը նախորդ տարվա հունիսի համեմատ Ռուսաստանում նվազել է 25 %-ով՝ իջնելով օրական 85  հզր տ–ի, այն դեպքում, երբ ամռանը սպառման ծավալը օրական 110 հզր տ է։

РБК-ի գնահատմամբ՝ վառելիքի վաճառքի սահմանափակումներ արդեն պաշտոնապես հաստատվել են Ռուսաստանի ավելի քան 40 շրջաններում, իսկ մատակարարման պակասի մասին ահազանգեր են ստացվել 85 շրջաններից։

Որոշ տվյալներով՝ բենզինի պաշարները վերջին երեք ամսում նվազել են մի քանի հարյուր հազար տոննայով։ Ռուսաստանի նախագահն արդեն ընդունել է, որ խնդիրն առկա է, իսկ Պետդուման քաղաքացիներին զգուշացրել է, որ բենզինի հասանելիությունը չի վերադառնա նախկին մակարդակին։

Ռուս վարորդները «Ֆրանս պրես»–ին պատմել են լիցքավորման դժվարությունների մասին․

«Հերթերում կանգնում ենք ժամ–ժամուկես»։

«Երբ եկա, լիցքավորման կայանները լիովին փակ էին»։

«Տեսնում եմ, որ որոշ խնդիրների բախվում են վարորդները։ Ես դեռ նման լուրջ խնդիրների չեմ բախվել»։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը․

«Իրավիճակը վառելիքի շուկայում իրոք բարդ է, բայց կառավարելի։ Նախ՝ լիովին արգելված է բենզինի և ավիավառելիքի արտահանումը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հակառակ ստեղծված իրավիճակին, ասել է, որ Կիևի հարձակումները չեն ազդի ռուսական զինուժի գործողությունների վրա։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը կարծում է, որ Պուտինի այդ հայտարարությունը ներքին լսարանի համար է․

«Սա ազդանշան է, որ Պուտինը ստիպված է ձևացնելու, թե ադեկվատ չէ իրավիճակը գնահատելու հարցում, կամ գուցե նա իսկապես ոչ ադեկվատ է և ներկայացնում է աղավաղված տվյալներ։ Իրականում սա չի կարող չազդել ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա,

քանի որ ճգնաժամ կա մարտադաշտում, և ոչ միայն վառելիքի հարցում, օրինակ՝ խնդիր կա նաև զինամթերքի մատակարարումներում։ Այսպիսով, Կրեմլից նման հայտարարությունները ուղիղ հարված են ռազմաճակատի մարդկանց հեղինակությանը»։

Ի դեպ, այս իրավիճակը պարարտ հող է ստեղծել վառելիքի սև շուկայի համար։ Սոցիալական ցանցերում AI-95 բենզինի 1 լ–ը արդեն վաճառվում է մինչև 200 ռուբլով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում նավթամթերք ներկրելու շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ շփումները շարունակվում են և եթե ընդունելի գների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ներկրումը կիրականացվի։

Կարդացեք նաև

Back to top button