Ընտրություններ 2026ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՍԴ-ն «փակեց» դռները հանրային աշխատանքի վերադառնալու խոստումով․ դատաքննության 5-րդ օրը

Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը, որը սկսվել է հունիսի 26-ից։ Դատավարության 5–րդ օրն ընթացել է այլ ձևաչափով։ ՍԴ–ն որոշել է փակ նիստում քննարկել ներկայացված որոշ փաստաթղթեր։ Աշխատանքի այդ հատվածն ավարտելուց հետո բարձր դատարանը կրկին կվերադառնա հրապարակային ձևաչափին։

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՍԴ նիստի դռնփակ հատվածում․ հարցն առկախված մնաց, քանի որ դատավարության կողմերը փորձեցին շրջանցել այն։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բացատրեց միայն, թե ինչու ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի քննության 5-րդ օրը որոշվեց քննության մի մասը դռնփակ անցկացնել․

«Գաղտնի փաստաթղթերն ենք ուսումնասիրելու։ Միայն այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար, մի փուլը, մի հատվածը այս դատավարության փակ դռների հետևում է լինելու։ Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները։ Վերջ»։ 

Փակագծեր չբացեց նաև ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ «Արդյո՞ք անձնագրերի հետ կապված թեման նույնպես քննարկվելու է»  հարցին, նա արձագանքեց․

«Դռնփակ նիստի ռեժիմով տեղեկություն ես ձեզ չեմ հայտնելու»։

ՍԴ դիմող քաղաքական ուժերը ավելի վաղ նշել են, որ շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդիրներ են ծագել ընտրությունների օրը։ Խոսքը տեխնիկական սարքի միջոցով անձնագրերն ընթերցելու դեպքերի մասին է, ինչը տեղեկությունը ձեռքով մուտքագրելու պատճառ է դարձել։ Ըստ ներքին գործերի փոխնախարարի՝ խոսքն իրականում 79․215 դեպքի մասին է։ Նա այս ցուցանիշը արտառոց չի համարում՝ նկատելով, որ 2021–ին այդ թիվը 109 հազարից ավելի էր․

«Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե՛ սարքի մեջ, թե՛ անձը հաստատող փաստաթղթի վրա, պարզապես այդ մեքենաընթեռնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն՝ այդ սարքի հնարավորությունը, դա հավելյալ երաշխիք և հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում»։

Անգամ ծննդյան օրը ՍԴ–ում անցկացնելուց հետո և ընտրական գործընթացի փաստերով ծանրաբեռնված պայուսակներով բարձր դատարանի շենք մտնելուց առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողներին հընթացս վստահեցնում է՝ նիստերին իրեն ճնշված չի զգում․

«Իհարկե ո՛չ»։

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո դարձյալ կվերադառնա հրապարակային աշխատանքի։ Ավարտը դեռ չի երևում, քանի որ նյութերի ծավալը մեծ է։ Բայց օրենքով սահմանված վերջնաժամկետը հուլիսի 4-ն է՝ ասում է ՍԴ նախագահը․

«Մենք պարտավոր ենք՝ մինչև հուլիսի 4–ը ավարտենք այս խիտ ռեժիմով, այս լարված աշխատանքը, ու դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչև հուլիսի 4–ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք»։

Ինչ վերաբերում է ՍԴ նիստերին, ապա ընդդիմադիրները հենց սկզբից վերապահում ունեին ՍԴ անդամներից Սեդա Սաֆարյանի մասնակցության առնչությամբ։ Դժգոհության առիթ դարձան նաև դատավարության ընթացքում վերջինիս հարցերը դիմող կողմին։ Նիստերին հեռավար հետևող ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը դժգոհությունն անհիմն է գնահատում․

«Ընտրական գործընթացը, իրավական լինելուց զատ, նաև քաղաքական է, կամ նույնիսկ հակառակը․ քաղաքական լինելուց զատ՝ նաև իրավական է, և այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել Սահմանադրական դատարանում»։

ՍԴ որոշմամբ 9 դատավորներից երկուսը՝ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցում քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը որպես «կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու» հիմնավորմամբ։

ՍԴ 5–րդ օրվա նիստից առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմած ուժերի փաստարկներում ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան, բայց հորդորեց նաև սպասել ՍԴ որոշմանը։ Սակայն «Քաղաքացիական պայմանագրում» չեն սպասում այդ որոշմանը և, ՍԴ նիստերին զուգահեռ, օրենսդիր ու գործադիր մարմինների առանցքային պաշտոնների համար արդեն թեկնածուներ են ընտրում։ Նախարար Գալյանը կարծում է, որ որևէ օրենք այդ քայլով չի խախտվում․

«Ընտրությունների արդյունքները վավեր են քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են։ Այսինքն` վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է, և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն։ Այլ ուժեր ևս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել–չվերցնելու հարցը քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո»։

Իսկ ընդդիմադիր դաշտում առայժմ սպասողական վիճակ է․ ՍԴ որոշումից հետո միայն կհրապարակեն իրենց որոշումը մանդատները վերցնելու կամ հրաժարվելու հարցի առնչությամբ։

Back to top button