
Աշխարհի համար նա «Սուսերով պարի» հեղինակն է, խորհրդային երաժշտության գագաթներից մեկը։ Բայց մեզ համար Արամ Խաչատրյանը շատ ավելին է։ Նա այն հայորդին է, ով իր յուրաքանչյուր նոտայի տակ թաքցրել է հայկական լեռների ու Թիֆլիսի բակերի շունչը, նույնիսկ երբ նրանից փորձում էին կերտել «ռուսական դպրոցի» ներկայացուցչի։
«Սփյուռքի ձայնի» եթերում ամերիկաբնակ դաշնակահարուհի Սուսաննա Սաֆարյան-Տարոնցին բացեց մի նոր վարագույր, որի հետևում ոչ թե պարզապես անհասանելի Մաեստրոն է, այլ հոգատար ուսուցիչը, համեստ մարդը և մի հսկա, ով իր կյանքի առաքելությունն էր համարում հայկական մշակույթը համաշխարհային բեմեր հասցնելը։
Իվա՞ն, թե՞ Արամ. պատմական արդարության հետքերով
Հարցազրույցի ամենացնցող բացահայտումներից մեկը կապված է Խաչատրյանի «Մանկական ալբոմի» հետ։ Տարիներ շարունակ խորհրդային գրաքննությունը փորձել է «թարգմանել» Խաչատրյանին։ Զուտ հայկական «Վաղարշապատի պարը» արտասահմանյան հրատարակություններում դարձել էր «Իվանի արկածները» կամ «Իվանը երգում է»։ «Պատկերացրեք՝ հայ մարդն է գրում, որ սա «Իվանի երգն» է։ Ուրեմն տեղեկությունը տեղ չի հասնում»,— ցավով նշում է Սուսաննա Սաֆարյանը՝ հավելելով, որ իր առաքելությունն է այսօր Սփյուռքում երեխաներին սովորեցնել Խաչատրյանի գործերի իսկական, հայկական անունները։
Խաչատրյանը միտումնավոր էր իր բալետների ու պիեսների մեջ ներդնում հայկական մեղեդիները։ Նա գիտեր՝ ինչ էր անում։ Նույնիսկ երբ նրա ազգանունը սկզբնական շրջանում գրում էին «Խաչատուրով», նա հետագայում ամեն ինչ արեց, որ աշխարհը ճանաչի հենց հայ Խաչատրյանին։



Հանճարը, որ իր պրոֆեսիոնալ ճանապարհը սկսեց 19 տարեկանում
Խաչատրյանն այն հազվագյուտ հանճարներից էր, ով պրոֆեսիոնալ կրթությունը սկսել է շատ ուշ՝ 19 տարեկանում։ Մինչ այդ նա պարզապես Թիֆլիսի բազմազգ միջավայրում լսում էր գուսանների երգերը, տանիքներում թմբուկ էր զարկում ու ինքնուս նվագում հին դաշնամուրի վրա։ «Նա իր էությամբ ու երաժշտական մտածողությամբ միշտ հավատարիմ է մնացել հայկական ակունքներին։ Թիֆլիսյան բազմազգ միջավայրում մեծացած արվեստագետն իր մեջ կրում էր հայկական ժողովրդական երգի ու ռիթմի կենսունակությունը»։
Մարդը՝ նամակների հետևում
Խաչատրյանի՝ վերջերս հրատարակված նամականին բացահայտում է նրա մարդկային տեսակը։ Նա իր աշակերտներին՝ Էդվարդ Միրզոյանին ու Ալեքսանդր Հարությունյանին, վերաբերվում էր հայրական գորովանքով։ Նամակներում նա ոչ թե դիրիժորական փայտիկով մաեստրո է, այլ մի մարդ, ով հոգ է տանում իր շունիկի մասին, խնդրում է, որ իր տղան կոկիկ հագնվի, ու պատրաստ է միջնորդել նույնիսկ անծանոթ տաղանդավոր երեխայի համար։ Նրա նամակներից մեկը՝ ուղղված Զավեն Վարդանյանին 1945-ին, կարծես նրա ողջ կյանքի խտացումը լինի. «Կյանքիս երազանքը մեր երաժշտությունը մեծ ճանապարհ, մեծ բեմահարթակ հանելն է… Եթե նույնիսկ ես, թեկուզ համեստորեն, շոշափեմ, զգամ այդ ճանապարհը, ապա իմ առաքելությունն իրականացված կլինի»։
Սփյուռքի դերը. «պահապան» հեռվից
Այսօր Սփյուռքը դարձել է այն կարևոր օղակը, որը թույլ չի տալիս Խաչատրյանին «յուրացնել»։ Կալիֆոռնիայում ապրող Սուսաննա Սաֆարյանի նման մասնագետները կատարում են դիվանագիտական մի ողջ աշխատանք։ Նրանք դասախոսություններով շրջում են ամերիկյան քաղաքներով, օտարներին բացատրում, որ այս երաժշտությունը ոչ թե պարզապես «սովետական» է, այլ ունի խորը հայկական տոնայնական համակարգ։ «Սփյուռքն այն օղակն է, որտեղ հնարավորություն կա ինֆորմացիոն դաշտը լայնացնելու։ Մենք պետք է պայքարենք շովինիզմի դեմ, որը փորձում է հայի տաղանդը վերագրել ուրիշին»,- ասում է դաշնակահարուհին։
«Խաչատրյանի երաժշտությունը մագնիսական ուժ ունի։ Այն ստիպում է աշակերտին ավելի շատ պարապել, իսկ ունկնդրին՝ հպարտանալ։ Նա մեզ սովորեցրեց երբեք չզիջել, չնահանջել ու միշտ բարձր պահել ազգային մշակույթի դրոշը՝ հավասարը հավասարի պես կանգնելով համաշխարհային հսկաների կողքին»,- նշում է Սուսաննա Սաֆարյան-Տարոնցին։
Եվ այսօր, երբ աշխարհի որևէ ծայրում հնչում է Խաչատրյան, մենք պիտի հիշենք՝ դա մեր լեռների ու մեր ոգու հաղթանակն է, որը պահպանվում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։




