
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները, թե 2026 թվականի հունիսի 27-ին Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվել մաքսային մարմնի աշխատակիցների անգործության պատճառով, ինչպես նաև թե տեղեկատվական համակարգը չի գործել, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊԵԿ-ից։
«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով։ Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով»,-ասված է հայտարարության մեջ։
ՊԵԿ-ից կոչ են անում զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ մաքսային մարմինների գործունեության վերաբերյալ հարցերի, դժգոհությունների կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Պետական եկամուտների կոմիտե։
«Յուրաքանչյուր դիմում կուսումնասիրվի սահմանված կարգով, և կտրամադրվի հիմնավորված պատասխան»,-հայտնում են ՊԵԿ-ից։




