Երևանը կրկին դառնում է միջազգային դասական երաժշտության կարևոր կենտրոններից մեկը։ Այս օրերին մայրաքաղաքը հյուրընկալում է բացառիկ կրթական մի նախաձեռնության՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիային»։
Կրթական այդ ծրագիրն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Ծրագրի շրջանակում մեկ հարթակում են հանդիպում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դիրիժորներ՝ ստեղծելով կենդանի ուսուցման և ստեղծագործական համագործակցության եզակի միջավայր։ Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում «Ռադիոլուր»-ը հետևել է ակադեմիայի փորձերին։




