
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։
Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիդ Զոհրաբյանը («Կիլիկիա»), Գագիկ Ծառուկյանը («Շենգավիթ»), Արթուր Ասլիբեկյանը (ԲԿՄԱ, Ռուսաստան), Դմիտրի Հաջյանը («Պավլովսկի Պասադ», Ռուսաստան), Էթան Կազանչյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Ջիվան Դորյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Հովհաննես Կոստիկյանը (ԽՄՕՄՄ), Գևորգ Հայրապետյանը («Շենգավիթ»), Միխայիլ Պետրովը («Կրասնոյարսկիյ մարզադպրոց», Ռուսաստան), Էնթոնի Սարգսյանը («Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ), Ալեքսանդր Աբրահամյանը («Միրաք»), Հովհաննես Օրդանյանը («Պատրիոտ»), Արամ Գևորգյանը (ԽՄՕՄՄ) և Ռաֆայել Գրիգորյանը («Միրաք»):
Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն մարզիչներ Քրիս Չամքրտանյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։
Նախապատրաստվելով Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը՝ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Առաջիկա օրերին թիմը կանցկացնի ինտենսիվ մարզումներ՝ սեփական հարկի տակ անցկացվելիք կարևոր մրցաշարին լավագույն մարզավիճակով մոտենալու համար:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:
Հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Հայաստանի հավաքականի խաղացանկը՝
Հուլիսի 4՝ ժամը 19:00-ին, Հայաստան-Անդորրա
Հուլիսի 5՝ ժամը 19:00-ին, Ջիբրալթար-Հայաստան
Հուլիսի 8՝ ժամը 19:00-ին, Հայաստան-Մալթա
Հուլիսի 9՝ ժամը 19:00-ին, Մոնակո-Հայաստան
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։




