Հասարակություն

ՄԱԿ-ում Հայաստանը շեշտել է լեռնային էկոհամակարգերի պահպանության կարևորությունը

Հունիսի 23-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է FAO կողմից կազմակերպված «Ագրոպարենային համակարգերը և Ռիոյի կոնվենցիաները» թեմայով քննարկմանը։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը կենսաբազմազանության կորստի, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և պարենային անապահովության հաղթահարման գործում։

Հանդես գալով Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահության ներկայացուցիչ՝ նա կարևորել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումը, Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդումը, կենսաբազմազանության ֆինանսավորման առաջմղումը, ինչպես նաև ներառական և երկրների առաջնահերթությունների վրա հիմնված մոտեցումների խթանումը՝ կայուն զարգացման և դիմակայուն կենսամիջոցների ապահովման նպատակով։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծել է խոցելի էկոհամակարգերին, այդ թվում՝ լեռնային էկոհամակարգերին, առավել մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ նշելով դրանց առանձնահատուկ կարևորությունը Հայաստանի համար՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր:

Կարդացեք նաև

Back to top button