
Բուլղարիայի մայրաքաղաքի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։
Բուլղարիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է, որ անվանակոչման որոշումը Սոֆիայի քաղաքային խորհուրդն ընդունել է միաձայն՝ 33 կողմ։
«Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը անկեղծ երախտագիտություն է հայտնել Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ «նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն»։




