
2026 թվականի ամռանը Սյունիքի սիրտը կրկին կդառնա համաշխարհային երաժշտարվեստի կենտրոն՝ հուլիսի 4-ին կմեկնարկի Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը։
Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։ «Կապան Ֆեստ 2026»-ին կմասնակցեն աշխարհահռչակ մենակատարներ, դիրիժորներ և կամերային երաժշտության լավագույն արտիստներ աշխարհի 16 երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Դանիա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Ավստրալիա, Էկվադոր, Ռուսաստան, Ռումինիա, Վրաստան:
Փառատոնի շրջանակներում «Կապան Ֆեստ Ակադեմիայում» աշխարհի տարբեր երկրներից ընտրված 55 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցելու ինտենսիվ վարպետության դասերի, աշխատելու լեգենդար երաժիշտների հետ և համերգային ծրագրերով ելույթ ունենալու նրանց հետ նույն բեմում։
Այս տարվա փառատոնին Հայաստանում առաջին անգամ հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Ժիլ Ապապը և լեգենդար թավջութակահար Թոմաս Լունդստրյոմը։ Ջութակահար Անդրեյ Բարանովը առաջին անգամ կմասնակցի Կապան Ֆեստին՝ ալտահարներ Գարեթ Լուբբեի, Իբեն Տիլեմանի և Լոան Կազալի հետ միասին։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու նաև ակորդեոնի վիրտուոզ Ռադու Ռատոյի կատարումները։ Փառատոնի նոր մասնակիցների թվում են Արման Սիմոնյանը, Թամիլա Խարամբուրան, Փոլ Թալլոխը, Իբեն Տիլեմանը, Լոան Կազալը և Գարեթ Լուբբեն։
Փառատոնին իրենց յուրահատուկ երաժշտական աշխարհը կներկայացնեն նաև Chanter Parajanov Ensemble-ը, Musicatreize-ը և ջազ երաժիշտ Բեքա Գոչիաշվիլին՝ իր ընկերների հետ։




