ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանը պատրաստվում է COP17-ին․ հայտնի է օրակարգը, հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանին

Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում կանցկացվի միջազգային բնապահպանական և քաղաքական ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միջոցառումը կհյուրընկալի «Մերիդիան» էքսպոկենտրոնը, որտեղ այս օրերին ակտիվ շինարարական և նախապատրաստական աշխատանքներ են։

Հատուկ համաժողովի համար առաջին անգամ Հայաստանում կառուցվում է 35/6 կիլովոլտ հզորությամբ բլոկմոդուլային ենթակայան։ Կոնվենցիայի պաշտոնական կայքում հրապարակվել է համաժողովի նախնական օրակարգը, որից պարզ է դառնում, որ Երևան հրավիրված են Կոնվենցիայի անդամ բոլոր՝ 196 երկրների ներկայացուցիչները։

«Մերիդիան» էքսպոկենտրոնում, որտեղ հոկտեմբերին անցկացվելու է միջազգային ամենախոշոր համաժողովներից մեկը, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են։ Վերանորոգվում են մեծ ու փոքր սրահները, կառուցվում են նոր տաղավարներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ տեղում ծանոթանում է նախապատրաստական աշխատանքներին։

— Այս հատվածում երկրների համար աշխատանքային գրասենյակներ են։

— Ի՞նչ են ցուցադրելու։

— Հաջողության պատմություններ, իրենց ծրագրերը և հիմնականում օրակարգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։ Քննարկումները նույնպես այստեղ են կազմակերպվելու։ Շատ երկրներ ունենում են նաև մեծ տաղավարներ, որոնցում առանձին փոքր դահլիճներ են լինում՝ սեփական միջոցառումներն ու քննարկումները կազմակերպելու համար։ Այս հատվածը ևս նման գրասենյակների համար է։

Նախորդ աշնանը կառավարության որոշմամբ պետբյուջեից համաժողովի կազմակերպման աշխատանքներին ուղղվեց 5.7 միլիարդ դրամ։ Ընդ որում, տարածքը ոչ միայն վերանորոգվում և վերազինվում է, այլև անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառուցվում է 35/6 կիլովոլտ հզորությամբ բլոկմոդուլային ենթակայան։ Սա գնահատվում է որպես աննախադեպ էներգետիկ նախագիծ է։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ասում է.

«Արդեն շինարարական աշխատանքները մեկնարկել են, անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու նյութերը պատվիրվել են, և մեկուկես ամսից մատակարարումները կսկսվեն։ Այդ ընթացքում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն, և սարքավորումները Հայաստան հասնելուն ու մաքսազերծվելուն պես կտեղակայվեն։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ նման հզորության մոդուլային ենթակայան առաջին անգամ ենք կիրառում մեր երկրում։ Քանի որ տարածքի հնարավորությունները սահմանափակ էին, որոշվեց ավանդական շենքային ենթակայանի փոխարեն կառուցել մոդուլային, հեշտ հավաքվող և տեղափոխվող ենթակայան, որն այսօր լայնորեն կիրառվում է առաջադեմ երկրներում»։

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի անդամ երկրների պատվիրակությունների մասնակցությունը հեշտացնելու նպատակով Հայաստանը ժամանակավորապես կթեթևացնի վիզային ընթացակարգերը։ Շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարությունները Ազգային անվտանգության ծառայության հետ   մշակել են  նախագիծ՝  ժամանակավորապես չեղարկելու 2008-ից գործող սահմանափակումը։ Դրա համաձայն՝ մի շարք երկրների քաղաքացիներ, որոնք նախկինում մուտքի վիզա կարող էին ստանալ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում, COP17-ի շրջանակում կկարողանան օգտվել նաև E-VISA էլեկտրոնային համակարգից։

Համաժողովի համակազմակերպիչ է նաև ՄԱԿ-ը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, որ հրավերներ են ուղարկվել Կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրների պատվիրակություններին, այդ թվում՝ Ադրբեջանին։

«Մենք հրավիրում ենք բոլորին՝ բոլոր 196 երկրներին։ Միջոցառման հիմնական ուղերձներից մեկն այն է, որ համատեղ աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ, և այդ աշխատանքներից որևէ երկիր չի կարող դուրս մնալ։ Մենք պատրաստ ենք հյուրընկալելու բոլոր պատվիրակություններին»։

Կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը։ Համաժողովի առանցքային թեման Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրն է։ Մասնակիցները կգնահատեն դրա առաջընթացը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, հաշվետվողականության և իրականացման մեխանիզմները։

Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության, գիտելիքների կառավարման, հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկման հարցերը։ Քննարկումների առանցքում կլինի նաև ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ այլ կոնվենցիաների և միջազգային կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացմանը, որոնք վերաբերում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։ Այս համատեքստում հայկական կողմը կարող է բարձրացնել նաև Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցին հասցված վնասների հարցը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2021 թվականին ադրբեջանական դիրքերի առաջխաղացման, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման հետևանքով Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածներում էկոհամակարգը վնասվել և խաթարվել է։

Վնասները, սակայն, կգնահատվեն սահմանազատման ավարտից և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Համբարձում Մաթևոսյան. «Ինձ համար, որպես շրջակա միջավայրի նախարարի, բնապահպանական հարցերը չափազանց կարևոր են։ Բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և կառավարության անդամ՝ մենք այսօր ունենք առավել կարևոր օրակարգ՝ խաղաղության օրակարգը։ Վստահ եմ, որ երբ դե ֆակտո խաղաղությունը վերջնականապես ամրագրվի նաև դե յուրե, և մենք ունենանք ամբողջությամբ սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն միջազգային այն հարթակներում, որտեղ հանդես եմ գալիս որպես COP-ի նախագահ, կկարողանամ գործընկերների հետ քննարկել ու նախաձեռնել նաև անդրսահմանային բնապահպանական ծրագրեր»։

Համաժողովի երևանյան օրակարգում  են նաև գենետիկական հաջորդականության տեղեկատվության օգտագործման, սինթետիկ կենսաբանության, գենդերային հավասարության, ինչպես նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջապահության ու ծովային էկոհամակարգերի փոխկապակցվածության թեմաները։

Քննարկվելու են նաև անտառային կենսաբազմազանության և պահպանվող տարածքների  պետական քաղաքականություններում և ոլորտային կառավարման համակարգերում առավել արդյունավետ ինտեգրման ուղղությամբ հետագա քայլերը։

«Մենք արդեն արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ սկսել ենք բանակցությունները կողմ երկրների հետ, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք համաժողովում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր կլինի ձևավորել լայն համաձայնություն, և քվեարկությունները կանցնեն բարեհաջող կերպով»։

COP17-ին ընդառաջ մշակվել են Հայաստանի կենսաբանական բազմազանության 2026–2030 թվականների նպատակներն ու գործողությունները։ Հայաստանը երկկողմ  հուշագրեր է կնքել մի շարք երկրների հետ։ Կազմակերպումը պատշաճ կազմակերպելու համար Հայաստանը աջակցություն է ստացել մի շարք երկրներից՝ Գերմանիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Տոգոյից, Շվեյցարիայից, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններից։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովը (COP29) 2024 թվականի աշնանը անցկացվեց Ադրբեջանում։ Այդ որոշումն ընդունվեց նաև պաշտոնական Երևանի աջակցությամբ, ինչից հետո ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների» և հրավիրեց նաև Հայաստանին՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Սակայն Հայաստանից որևէ բարձրաստիճան պաշտոնյա Բաքու չմեկնեց։

Արդյոք Ադրբեջանից բարձրաստիճան ներկայացուցիչներ կժամանե՞ն Երևան այս աշնանը՝ մասնակցելու COP17-ին, առայժմ հայտնի չէ։ Վերջին շրջանում երկու երկրների ղեկավարները չեն բացառել միջազգային տարբեր հարթակներում փոխադարձ մասնակցությունը։ Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հրավերի դեպքում 2029 թվականին կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Կարդացեք նաև

Back to top button