ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դասարանական էքսկուրսիաներ՝ առանց հստակ վերահսկողության. ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար

Դպրոցական էքսկուրսիայի ժամանակ օրեր առաջ տեղի ունեցած ավտոբուսի վթարը, որի հետևանքով երեխաներ տուժեցին, կրկին ուշադրության կենտրոն բերեց դպրոցական խմբերի անվտանգ փոխադրման հարցը։ Ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար, ինչպե՞ս պետք է ընտրել էքսկուրսիա կազմակերպող ընկերությանը, և արդյոք այս ոլորտը բավարար վերահսկողության ներքո՞ է։

Դասարանական էքսկուրսիաների ակտիվ շրջանն է․ բազմաթիվ դպրոցներ ճանաչողական և ժամանցային այցեր են կազմակերպում։ Սակայն հետաքրքիր ու հագեցած օրերի հետ մեկտեղ ուշադրության կենտրոնում է հայտնվել երեխաների անվտանգության հարցը։ Վերջին միջադեպից հետո մասնագետներն ընդգծում են՝ դպրոցական խմբերի տեղափոխումը սովորական ուղևորափոխադրում չէ։ Էքսկուրսիայի ամեն փուլ՝ ճանապարհից մինչև կանգառներն ու երթուղու ընտրությունը, պահանջում է բարձր պատասխանատվություն թե՛ կազմակերպիչներից, թե՛ վարորդներից, թե՛ ծնողներից։

«Ռադիոլուր»-ի զրուցակից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դասղեկ Իդա Խաչատրյանի խոսքով՝ էքսկուրսիաների կազմակերպման դեպքում պատասխանատվության շրջանակները տարբեր են։

«Եթե էքսկուրսիան կազմակերպվում է դպրոցի գիտությամբ՝ ուսումնաճանաչողական և դաստիարակչական նպատակներով, պատասխանատվությունն առաջին հերթին դասղեկինն ու դպրոցինն է։ Եթե նախաձեռնությունն ամբողջությամբ ծնողներինն է, ապա պատասխանատվությունն էլ նրանց վրա է։ Ամեն դեպքում, երբ խոսքը երեխաների մասին է, զգոնությունը պետք է բազմապատկվի»։

Խաչատրյանի խոսքով՝ էքսկուրսիան ոչ միայն կրթական նշանակություն ունի, այլև մեծ պատասխանատվություն է։

«Մենք գործ ունենք ոչ թե մեր, այլ ուրիշների երեխաների հետ։ Հենց այդ պատճառով անվտանգության բոլոր հարցերը մեզ համար առաջնահերթ են։ Երբեմն նույնիսկ հարազատներս են անհանգստանում, երբ լսում են, որ էքսկուրսիա եմ կազմակերպում։ Բայց եթե վախի պատճառով հրաժարվենք նման նախաձեռնություններից, երեխաներին կզրկենք կարևոր կրթական փորձառությունից»։

Ո՞վ է վերահսկում դպրոցական էքսկուրսիաների անվտանգությունը, ո՞վ է հետևում դրանք կազմակերպող ընկերությունների գործունեությանը։ «Ռադիոլուր»-ի հարցադրմանն ի պատասխան՝ մի շարք տեսչական մարմիններ, այդ թվում՝ կրթության տեսչականը, պարզաբանեցին, որ իրենք չունեն վերահսկողական նման լիազորություններ։     

Դասարանական էքսկուրսիաներ կազմակերպող ընկերություններից մեկի համահիմնադիր Էդգար Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ Հայաստանում մանկական տուրիզմի առանձին լիցենզավորման համակարգ կամ հստակ չափորոշիչներ չկան։

«Երեխաների տեղափոխումը պետք է վստահել այնպիսի կազմակերպությունների, որոնք ունեն տարիների փորձ և մասնագիտացած են հենց դպրոցական ու մանկական տուրիզմի ոլորտում։ Դա կարևոր է, որովհետև նման կազմակերպությունների վարորդներն ու ուղեկցորդներն ամեն օր աշխատում են երեխաների հետ և լավ գիտեն այդ աշխատանքի առանձնահատկությունները, հնարավոր ռիսկերն ու անվտանգության պահանջները»։

Մասնագետը շեշտում է՝  երեխաների անվտանգությունը պետք է լինի յուրաքանչյուր էքսկուրսիայի առաջնահերթությունը։  

«Պատասխանատու կազմակերպություններում վարորդները մինչև աշխատանքի անցնելը պարտադիր նախաերթային բուժզննում են անցնում։ Ստուգվում է նրանց առողջական վիճակը, մասնավորապես՝ արյան ճնշումը, և միայն դրանից հետո նրանք նստում են ղեկին»։

Երեխաների ուղևորությունների կարևոր բաղադրիչներից է ուղեկցորդների՝ զբոսավարների կամ խաղավարների ներկայությունն է, որ հետևեն կարգուկանոնին երեխաները պահպանեն անվտանգության կանոնները, երթևեկության ընթացքում չտեղաշարժվեն ավտոբուսի միջանցքով և մշտապես ամրակապված լինեն, որ վարորդը կենտրոնանա ճանապարհի վրա։

Էքսկուրսիաներ կազմակերպելու փորձ ունեցող Իդա Խաչատրյանը համակարծիք է՝  

«Կարող է ավտոբուսն ամբողջությամբ համապատասխանի բոլոր չափանիշներին, բայց եթե ներսում չեն պահպանվում անվտանգության կանոնները, երեխաները կանգնում են, վազվզում կամ խանգարում են վարորդին, դա նույնպես կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Այդ պատճառով վարորդը պետք է փորձառու լինի, կարողանա ճիշտ արձագանքել նման իրավիճակներին, իսկ ուղեկցորդները՝ ապահովել կարգապահությունը»։

Ըստ մասնագետների՝ նախապատվությունը պետք է տալ այն ընկերություններին, որոնք ունեն սեփական ավտոպարկ և մի քանի  տրանսպորտային միջոց, որ մեքենայի խափանման կամ արտակարգ իրավիճակի դեպքում այն արագ փոխարինվի, և երեխաները երկար ժամանակ ճանապարհին չմնան։

Տարբեր ծնողներ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում են՝ ուսումնական տարվա վերջին ամիսներին զբոսաշրջային կազմակերպություններն աշխատում են գերծանրաբեռնված, քանի որ գրեթե բոլոր դպրոցներն իրենց էքսկուրսիաները ծրագրում են նույն շրջանում։ Երբեմն փորձառու կազմակերպությունների բոլոր օրերն արդեն ամրագրված են, ուստի մնում է հույսը դնել հայտարարությունների տարբեր կայքերում իրենց ծառայություններն առաջարկողների վրա։

Մասնագետները  համոզված են՝ կարևոր է ոչ միայն դժբախտ պատահարներից հետո անդրադառնալ խնդրին, այլ նախապես սահմանել հստակ չափորոշիչներ և ներդնել վերահսկողության մեխանիզմներ, որոնք կապահովեն երեխաների անվտանգ  ճանապարհորդությունները։ Թեև ոլորտում գործող կազմակերպությունների մեծ մասն աշխատում է համապատասխան թույլտվություններով, մասնագետները նշում են, որ շուկայում կան նաև ծառայություններ մատուցողներ, որոնք չունեն բավարար փորձ կամ չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին։

Ի վերջո, դպրոցական էքսկուրսիան պետք է երեխաների համար հիշվի ոչ թե որպես վտանգավոր փորձություն, այլ անվտանգ ու հաճելի բացահայտումների օր։

Կարդացեք նաև

Back to top button