ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զբոսաշրջային ակտիվության աճ՝ Հայաստանում. հունվար-մայիս ամիսներին բացարձակ ռեկորդ է սահմանվել

Հայաստանում իսկական զբոսաշրջային «բում» է․ տարեսկզբից ի վեր երկիր այցելած օտարերկրացիների քանակը ռեկորդային է։ Իսկ ի՞նչ ակնկալիքներով են նրանք գալիս, ի՞նչն է ամենատպավորիչը նրանց համար և որքանո՞վ է Հայաստանը հարմարավետ ու հասանելի։ Թեմային անդրադարձել է ը։

Հայաստանն այսօր զբոսաշրջային վերելք է ապրում: Տարիներ առաջ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոլորտն այժմ ակտիվորեն զարգանում է: Միայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջային այցելությունների բացարձակ ռեկորդ է գրանցվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկիր է այցելել 825 հազար 384 զբոսաշրջիկ։ Դա 19.3%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է առաջին եռամսյակի տվյալները:

«2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 453 հազար 138 զբոսաշրջիկ, ինչը 18.2%-ով (ավելի քան 70 հազարով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը, և նույնպես առաջին եռամսյակների պատմության ռեկորդային ցուցանիշն էր»։

Ամենաթարմ տվյալներով՝ 2026 թվականի մայիսին Հայաստան է այցելել 199 հազար 541 զբոսաշրջիկ։ Այդ թիվը մոտ 10%-ով ավելի է, քան 2025-ի մայիսի ցուցանիշը։ Սա նույնպես համարվում է նախորդ բոլոր տարիների մայիս ամիսների լավագույն արդյունքը։ Այս թվերի հետագա աճը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապում է նաև ավիացիայի զարգացման հետ: Նա  ընդգծում է, որ ոլորտում երկու հիմնական խնդիր կա, որոնք  հրատապ լուծման կարիք ունեն:

«Առաջինը՝ «Զվարթնոց» օդանավակայանը պետք է ընդլայնվի, քանի որ այն արդեն չի հերիքում:  Երկրորդը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի այնպիսի բարելավումն է, որտեղ մենք կկարողանանք լիարժեք իրացնել այն ներուժը, որը մեզ հնարավորություն կտա ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ: Ընդ որում, ոչ միայն ունենալ դրանք, այլև անընդհատ թարմացնել»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ մարզերում նույնպես զբոսաշրջությունը զարգացման մեծ միտում ունի: Նախարարը ներկայացնում է ոլորտին աջակցելու կառավարության քայլերը։

«Մենք սուբսիդավորում ենք հյուրանոցների կառուցման, վերակառուցման և վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: Դրամով վարկերի դեպքում՝ սուբսիդավորումը կատարվում է 8 տոկոսային կետով, իսկ արտարժույթի դեպքում՝ 6 տոկոսային կետով: Վարկի ժամկետը 36 ամիս է»։

«Ռադիոլուրը» շրջել է Երևանի կենտրոնում և զրուցել մայրաքաղաքի հյուրերի հետ՝ պարզելու, թե ինչ ակնկալիքով են նրանք եկել Հայաստան, ինչն է ամենատպավորիչը և որքան են նախատեսում մնալ այստեղ։ Մեր զրուցակիցը, որն ընդամենը երկու օր է, ինչ Հայաստանում է, մեծ հիացմունքով էր ներկայացնում իր տպավորությունները։

«Այստեղ ամեն ինչ հրաշալի է: Ես շատ ընկերներ ունեմ այս երկրում, նրանք շատ բարի են, լավն ու ուշադիր, ես սիրում եմ Հայաստանը: Թեև ընդամենը երկրորդ օրն եմ այստեղ և այցս կարճ է՝ 3-4 օրով, բայց արդեն հասցրել եմ տեսնել շատ գեղեցիկ վայրեր, ինչպիսիք են Հանրապետության հրապարակն ու Կասկադը»։

Իսկ մեր հաջորդ զրուցակիցն արդեն հասցրել է տարբեր վայրեր այցելել։

«Հասցրել եմ տեսնել «Մայր Հայաստան» հուշահամալիրը, Շաքիի ջրվեժը, հրապարակում եմ եղել, Ծաղկաձորում: Ինձ համար Հայաստանն ավելի ազատ երկիր է, քան իմ հայրենիքը՝ Ռուսաստանը, և ինձ շատ է դուր գալիս այս հասանելիությունը: Հայաստանը փոքր է, և դու հեշտությամբ կարող ես մի կետից մյուսը գնալ. նույնը վերաբերում է նաև Երևանին: Վատ կողմեր, անկեղծորեն, միտքս անգամ չեն գալիս»։

Պարզվում է՝ Երևանում միայն մի բացասական բան կա Մալայզիայից եկած զբոսաշրջիկի համար՝ դա շոգն է․

«Այսօր իմ երկրորդ օրն է այստեղ. առաջին օրն արդեն հասցրել ենք լինել Դիլիջանում, և ես ուղղակի հիացած եմ այդ քաղաքով: Իսկ ինչ վերաբերում է գներին, Հայաստանում ամեն ինչ գրեթե նույն արժեքն ունի, ինչ Մալայզիայում։ Արդեն մի քանի նվերներ էլ եմ գնել Հայաստանից՝ տուն տանելու համար, մասնավորապես՝ հագուստ»։

Անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրից են եկել, օտարերկրացի հյուրերին միավորում է նույն միտքը՝ Հայաստանը գրավում է իր գեղեցկությամբ, հասանելիությամբ, մարդկանց բարությամբ  և անկեղծ հյուրընկալությամբ։

Կարդացեք նաև

Back to top button