
Ապրիլյան քառօրյա պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ առաջին վճիռը։ Այն առնչվում է պատերազմի ողբերգական դրվագներից մեկին, երբ ադրբեջանցի զինվորներն առանձնակի դաժանությամբ սպանել էին հայ սպային։ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 90 000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Այս գործով փաստաբանական խմբի անդամ, միջազգային ատյաններում հայ գերիների շահերի պաշտպան։
2016-ի ապրիլի 2-ին 30-ամյա մայոր Հայկ Թորոյանն ու նրա զինակիցը Թալիշի հրամանատարական կետ զինամթերք էին տանում, երբ ադրբեջանցի զինվորները նրանց շրջափակեցին և խոշտանգելով սպանեցին՝ «Ռադիլուրի» հետ զրույցում ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Նա Հայկ Թորոյանի գործով փաստաբանական թիմի անդամ է։ Սահակյանն ասում է՝ Ստրասբուրգի դատարան ներկայացված ապացույցներում գործին առնչվող դաժան մանրամասներ կան։
«Այլևս դիմադրություն ցուցաբերելու ունակություն չունեցող զինծառայողներ էին, որոնք Ժնևյան կոնվենցիաներով պետք է պաշտպանության տակ գտնվեին և նրանց արգելվում էր սպանելը կամ խոշտանգելը»։
Միջազգային նորմերով պաշտպանվող զինծառայողները, սակայն սպանվել են առանձնակի դաժանությամբ, հուղարկավորվել անդամահատված․
«Միջազգային որևէ նորմ թույլ չէր տալիս, որ նա սպանվեր։ Խոշտանգում է արձանագրվել ոչ միայն Հայկ Թորոյանի պարագայում, այլև ընտանիքի, քանի որ այդ ահաբեկչական մեթոդներով սպանությունը հոգեկան ցավ և տառապանք է պատճառել ընտանիքներին։ Եվրոպական դատարանը խոշտանգման զոհ է դիտարկել ոչ միայն Հայկ Թորոյանին, այլև՝ նրա ծնողներին և քրոջը»։
Ադրբեջանի կառավարությունը որպես պատասխանող կողմ կողմ, դատավարության բոլոր փուլերում պնդել է, թե հայկական կողմն է պատասխանատու Թորոյանի մահվան համար՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։
«Ապացույցների այդ ճնշման ներքո անգամ ադրբեջանական կողմը ժխտում էր իր ներգրավվածությունը գործին։ Սակայն քանի որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական ատյանների, այլ դատարանի հետ, անկախ ուսումնասիրության է եղել, և մեր ներկայացրած փաստերը հաստատվել են»։

Հայցի ներկայացումից 10 տարի է անցել։ Թեև սա փոքր ժամկետ չէ ու վճիռը, կարելի է ասել, ուշացած է, բայց այն կարևոր է տուժած ընտանիքների փոխհատուցման և արդարադատության տեսանկյունից՝ ասում է Սահակյանը։
«Նաև քաղաքական ազդեցություն են թողնում տարաբնույթ միջպետական փոխհարաբերություններին։ Սա խիստ արժեքավոր է, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչ բնույթ են կրում, և հայերի պաշտպանության առումով որքան հետևողական, լուրջ ջանքեր պետք է ներդնի միջազգային հանրությունը»։
Եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել է սպանված Հայկ Թորոյանի ընտանիքին վճարել 90 000 եվրո, նաև երկրի ներսում հետաքննել դեպքը ու պատասխանատվության ենթարկել և հրաման տվողին, և հանցագործությունը կատարողին։ Սա պարտադիր կատարման վճիռ է և խուսափելու դեպքում Ադրբեջանը կարող է ավելի խիստ պատիժ կրել՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը։
«Վճռի չկատարման պարագայում քաղաքական ճնշում է գործադրվելու։ Ավելին, այժմ վերահսկողական մեխանիզմները ուժեղացված են, և Եվրոպական դատարանը կարող է խախտման գործընթաց բացել Ադրբեջանի դեմ, ինչը կհանգեցնի Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետության պատասխանատվության։ Իհարկե, ադրբեջանական կողմը կարող է դիմադրել, սակայն դիմադրողականությունը առաջացնելու է քաղաքական ճնշում և Ադրբեջանի վարկանիշի անկում»։
Հրապարակված վճիռը կարևոր է նաև այն համատեքստում, որ Եվրոպական դատարանը հստակ արձանագրել է՝ կատարվածը պատերազմական հանցագործություն է, Ադրբեջանը՝ այդ հանցագործության կատարողը՝ ընդգծում է Սահակյանը։ Սա ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող առաջին վճիռն է, բայց Ստրասբուրգի դատարանում ևս 22 գործ կա Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ։ Սահակյանի խոսքով՝ առաջիկայում կհրապարակվեն բոլոր վճիռները․
«Ունենք 3 գլխատում, ունենք տարեց անձանց միտումնավոր սպանություններ, հայտնի Խալափյանների ընտանիքը և ունենք անդամախեղումներ` ձեռքը հետմահու կտրելու, դիակները անարգելու դեպքեր։ Սա առաջին վճիռն է, սակայն ակնկալում ենք, որ հաջորդիվ կհրապարակվեն մյուս 22 գործերով դատական ակտերը»։
Սա կարևոր նախադեպ է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատների առումով՝ ասում է Սահակյանը։ Միաժամանակ նկատում, որ եթե վճիռն ավելի վաղ կայացվեր, գուցե եվրոպական կառույցներն ավելի ակտիվ դերակատարում ստանձնեին 44-օրյա պատերազմում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կանխարգելման համար։




