
Խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը շարունակում են վիճարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ խոսելով ընտրական գործընթացի թափանցիկության, հաշվարկների ճշգրտության և առանձին տեղամասերում արձանագրված խախտումների մասին։
Այսօր հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշում է կայացրել։ ԲՀԿ–ում կարծում են, որ այդ որոշմամբ արգելափակվել է կուսակցության մուտքն Ազգային ժողով։ Քաղաքական ուժը հայտարարում է, որ պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել։ Խորհրդարան անցած ընդդիմադիր մյուս ուժերը ևս խոսում են հնարավոր բողոքարկումների մասին։
9-րդ գումարման խորհրդարան անցնելու շեմին կանգնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքարկում է ԿԸՀ որոշումները։ ԱԺ-ում ներկայացված լինելու համար սահմանված 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար ԲՀԿ-ին պակասում է շուրջ 60 ձայն։
Հունիսի 7-ից հետո ԲԿՀ-ն և ընդդիմադիր մյուս ուժերը դիմել էին ԿԸՀ՝ 8 տասնյակ ընտրատեղամասերումում վերահաշվարկ կատարելու պահանջով։ «Բարգավաճ Հայաստան»–ը համոզված էր, որ վերահաշվարկի արդյունքում կվերականգնի այն մի քանի տասնյակ ձայնը, որը պակասում էր 4 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար։ Վերահաշվարկին զուգահեռ, սակայն, ԿԸՀ–ն այլ որոշում կայացրեց։
Հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում: Այդտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 1 223 քվե, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 528, «Հայաստան»-ը՝ 270, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 213 ձայն:
Ընտրության արդյունքները բողոքարկող ԲԿՀ-ում պնդում են՝ տեղի է ունեցել խախտում, ընդ որում՝ բոլորի աչքի առաջ։ Իրավաբան Արամ Օրբելյան
««Տեղի է ունեցել խախտում, խախտումը եղել է բոլորի աչքի առաջ, խախտումը նկարագրել են, արձանագրել են, բարձրաձայնել են առաջին գիշերվանից սկսած։ Լռություն… դե, ոչինչ չկա, ոչ մեկը չի ասում՝ խնդիր ենք տեսնում, ընտրատարածքային հանձնաժողովը խնդիր չի տեսնում, ոչ մեկը խնդիր չի տեսնում, կառավարական թեկնածուները չեն բարձրաձայնում, մինչև որ պարզ է դառնում, որ վերահաշվարկի արդյունքում երեք օպոզիցիոն ուժերը անցնում են Ազգային ժողով։ Այդ ժամանակ տեսնում են խախտումը, խախտումը արձանագրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու դրա արդյունքում անվավեր է ճանաչում, ըստ էության, երկու ընտրատարածքային հանձնաժողովների որոշումը»։
Արամ Օրբեյլայնի խոսքով՝ ԿԸՀ որոշումը թերի է հիմնավորված։ Իրավաբանն ասում է՝ ԿԸՀ-ն այդ որոշմամբ հղում է արել «Ընտրական օրենսգրքի» 48-րդ հոդվածին, ըստ որի, ընտրությունների արդյունքների վերանայման հնարավորություն չկա։
Արամ Օրբելյանի կարծիքով՝ մի քանի ընտրատեղամասերում ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու որոշումը ԿԸՀ–ն կայացրել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ–ն հաղթահարում է անցողիկ շեմը։
«Այսինքն՝ այդ վերադասության կարգով վերանայելու շրջանակում ինքը կարող է դիտարկել այլ որոշումներ, բայց՝ ոչ արդյունքների որոշումները։ Որ որոշումները, որոնք չի կարող վերանայել, ենթադրվում է, որ սա դրանցից մեկն է։ Միևնույն ժամանակ, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչն են անվավեր ճանաչել, ըստ էության անվավեր են ճանաչել ընտրատարածքային հանձնաժողովի այն որոշումը, որը որոշում չէ, այլ գրառում է գրանցամատյանում, որով արձանագրվել էր, որ խախտումները չեն ազդել արդյունքների վրա»։
Իրավիճակն Ընտրական օրենսգրքի կարգավորումների համատեքստում դիտարկելով՝ Օրբեկյանն ասում է, որ այս պահին աշխատում են ԿԸՀ-ի որոշումը բողոքարկելու ուղղությամբ։ Նրա կարծիքով ՝ երեք հնարավոր տարբերակ կա․ կամ որոշումը պետք է բեկանվի, կամ երկու տեղամասերում պետք է նշանակվի վերաքվեարկություն, կամ վերաքվեարկություն պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում ։
Վերահաշվարկի արդյունքում՝ ԲՀԿ–ն վերականգնել է շուրջ 130 ձայն, որը, ըստ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի, կրկնակի ավելի է խորհրդարան անցնելու համար պակասող ձայների թվից։
«Բազմաթիվ տեղամասերում, որտեղ զինվորները նույն պայմաններում կատարել են քվեարկություն, ԿԸՀ-ն արդյուքներն անվավեր չի ճանաչել։ Անգամ, եթե ինչ-որ տարբերակում մտածենք, որ ԿԸՀ-ն լրջագույն ուսումնասիրությունն է իրականացրել այս օրերի ընթացքում, իրենց նախորդ կատարած հայտարարությունից հետո և այնուամենայնիվ պարզել է, որ դա օրենքի խախտում է և դա պետք է անվավեր ճանաչել, ապա ինչու՞ անվավեր չեն ճանաչվել ընտրության արդյուքներն այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ այս նույն իրավիճակն է եղել։ Այլ հատկապես անվավեր են ճանաչվել այն երկու ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն վստահության բարձր քվե է ստացել»։
ԲՀԿ-ում չեն բացառում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը՝ նշելով, որ այդ քայլը կախված է ԿԸՀ-ի վերջնական որոշումից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկից հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը։
- հայտարարել Ազգային ժողովի ընտրվելու և մանդատների բաշխման մասին,
- վերաքվեարկություն նշանակել առանձին ընտրական տեղամասերում
- անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունները և վերաքվեարկություն նշանակել
Մինչ ԿԸՀ–ն կհրապարակի այս որոշումներից մեկը, ընտրական շեմը հաղթահարած մյուս ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, արդեն հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու իրենց մտադրության մասին։ «Միասնության թևեր»-ը, որ չի հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը, ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդում է՝ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործել, քրեական հետապնդումների դիմել:
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով հարցին, եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, կգնա՞ն խորհրդարան թե ոչ, այսպես է արձագանքել․
«Մեր հարցը խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է։ Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»:
Արձագանքելով ընդդիմադիր ուժերի պնդումներին, որ այս տեղամասերի քվեարկությունը անվավեր ճանաչելով «գողացվել են ԲՀԿ-ի քվեները», «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիրներին է մեղադրել։
Մեջբերում․ «Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։ Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրական տեղամասի՝ 12/13-ի քվեարկության արդյունքները՝ արձանագրելով, որ քվեարկության օրը տեղամասում ընտրական փաթեթը չի համապատասխանել սահմանված պահանջներին։
ԿԸՀ-ի տվյալներով՝ այդ տեղամասում արձանագրվել են խախտումներ, ինչի պատճառով քվեարկության արդյունքների հաշվարկը վերանայվել է, իսկ արդյունքային տվյալները, բացառությամբ անհամապատասխանությունների, փաստացի չեն հաշվառվել։
Տեղամասի ամբողջ ընտրական փաստաթղթերը ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա ուսումնասիրության համար։




