
Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր շարունակվել են գերատեսչությունների՝ 2025թ կատարած աշխատանքների ու բյուջեի քննարկումները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրությանը հետաքրքրող մի շարք թեմաների։ Նա ասել է, որ քաղաքապետարանը 2025–ին մոտ 4 մլրդ դրամ է ծախսել միջին նորոգման, փոսալցման աշխատանքների համար։ Երևանում առատ տեղումների ու ջերմաստիճանի տատանումների պատճառով ճանապարհային տարբեր հատվածներում պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Քաղաքապետն ասել է, որ դրանք այժմ լուծված են։ Ավինյանն անդրադարձել է նաև խցանումներին ու մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքներին։
Մայրաքաղաքի բնակչության թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է։ Սրան զուգահեռ նաև խնդիրներն են ավելացել։ Վերջին շրջանում թիվ 1 անհանգստացողն հարցը խցանումներն են։ Դրանց պատճառը տնտեսական աճն է ու որպես դրա արդյունք՝ ավտոմեքենաների ավելացումը՝ կարծում է Երևանի քաղաքապետը․
«Որքան էլ մենք Երևանում ավելացնենք հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը չի կարող աշխատել իր ժամանակացույցով, ե թե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար»։
Այդ խնդրի լուծման համար ստեղծվել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որն այս պահին քաղաքի մուտքերի մոտ չափումներ է անում և ուսումնասիրում ավտոմեքենաների ներհոսքը: Այդ հաշվարկների հիման վրա տարվա ընթացքում կենտրոնը տալու է փոփոխությունների ծրագիր:
«Մարդատար ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, քաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, իսկ ճանապարհներին պետք է լինեն տրանսպորտի առանձնացված ուղեգծեր։
Նախնական պատկերը կունենան աշնանը, իսկ ծրագիրը կսկսեն իրականացնել 2027 թվականից։ Հասարակական տրանսպորտը շարունակում են թարմացնել։ Իսկ խցանումները որոշ չափով կթեթևանան, եթե մետրոյի նոր կայարանները կառուցվեն, ասում է Երևանի քաղաքապետը։
«2025 թվականին վերջապես ավարտվել է Աջափնյակ կայարանի նախագծման փուլը։ Ստացվել են նախագծի պարզ փորձաքննության ու պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները։ 2026–ին մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրի իրականացման գործընթացը այս պահին շարունակական փուլում է։ Շուտով կիրականացնենք մի քանի կարևոր մրցույթներ՝ ինժեներական տեխհսկողության, որով միջազգային մակարդակի տեխհսկող կներգրավենք։ Կիրականացնենք օտարումներն ու շիրանարական աշխատանքների մրցույթը կսկսենք»։
Երևանի Բաբաջանյան փողոց -Աշտարակի խճուղի ճանապարհային անավարտ հատվածը կկառուցեն։ Սա Հյուսիս-հարավ մայրուղու 270 մետրանոց հատվածն է, որը 7 տարվա դատական գործընթացներից հետո կառավարության որոշմամբ վերադարձվել է համայնքին։ Այդ հարցով հետաքրքրվում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը․
«Խնդրում եմ, որպեսզի դուք հակիրճ տեղեկատվություն տաք՝ երբ է ճանապարհի ավարտը»։
Դեռ ապրիլին կառավարության նիստում հաստատված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այդ հատվածը դատարանի արգելանքների պատճառով դուրս է բերվել շինարարական աշխատանքների պայմանագրի ծավալներից։ Դա հանգեցրել է նրան, որ նորակառույց ճանապարհը փաստացի շահագործվում է ի սկզբանե նախագծայինի համեմատ մոտ 90 տոկոսով ավարտվածությամբ։ Խնդրո առարկա հատվածի բացակայությունը տրանսպորտային և ճանապարհային անվտանգության լուրջ խնդիրներ է ստեղծում և խոչընդոտում է ճանապարհային հանգույցի լիարժեք շահագործմանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան․
«Շերամի փողոցում շուտով աշխատանքները կսկսվեն։ Եթե չեմ սխալվում, անգամ շինարար ունենք, հրատապության հիմքով այս աշխատանքները պետք է իրականացնենք»։
Կարևոր է նաև Նուբարաշենի աղբավայրում հրդեհների կանխարգելման հարցը։ Ըստ Ավինյանի, այստեղ նոր իրավիճակ է ստեղծվել: Համապատասխան տեխնիկա, մարդուժ և վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել, արգելափակոցներ ու տեսախցիկներ են տեղադրվել ամբողջ տարածքով, և բոլոր ավտոմեքենաների մուտքն արձանագրվում է։ Ավինյանը վստահեցնում է, որ հրդեհների հետ կապված ընդհանուր վտանգն էականորեն նվազել է, քանի որ արագ արձագանքման խմբեր կան աղբավայրի տարածքում։




